Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կոռուպցիայից հարց են տալիս, կատաղում է, իրեն դնում գժի տեղ, որ շեղի թեման»․ Սևակ Հակոբյան

«Կոռուպցիայից հարց են տալիս, կատաղում է, իրեն դնում գժի տեղ, որ շեղի թեման»․ Սևակ Հակոբյան
154
Երեկ, 21:18

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանը իրեն կորցնում է, հենց կոռուպցիայից հարց են տալիս։ Ինչո՞ւ․ «Կարճ ասած»։

Այսօր՝ մայիսի 8-ը, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 7-ամյա տարելիցն է։ Տարելիցի կապակցությամբ Փաշինյանը երեկ՝ մայիսի 7-ին, խորհրդարանում կոնցերտ տվեց, որը դեռ երկար կհիշվի։ Չկա կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխան, որի ժամանակ նա հունից դուրս չգա։ Ուղղակի այս անգամ էլ ավելի հանդուգն բառապաշարով էր։ Ի՞նչ տեղի ունեցավ, բորոքվեց խորհրդարանի ամբիոնին, կորցրեց իրեն, գոռում էր, թե՝ ընդդիմադիրներին կլցնի պադվալները, կնստացնի, հետո գնաց ու համերգը շարունակեց ՔՊ-ի շարքում, էլի գոռգոռաց, որից հետո գրպանից հանեց ինչ-որ բան, ենթադրում եմ՝ դեղ, գցեց բերանը։ Գուցե այդ ամենը տեղի չունենար, եթե գրպանից այդ բանը ելույթից առաջ հաներ-գցեր բերանը։ Ի միջի այլոց, նորմալ երկրներում, եթե պարզվում է, որ երկրի ղեկավարը դեղամիջոցներ է ընդունում, իսկ այս դեպքում դրանք պետք է որ հանգստացնող լինեն, ղեկավարը հրաժարական է տալիս ինքնակամ, որովհետև կարող է պարզվի, որ երկրի ու մարդկանց ճակատագրերին վերաբերող որոշումներ է կայացրել դեղամիջոցի ազդեցության տակ, այլ ոչ իր խղճի, համոզմունքի և պատասխանատվության ներքո, հետևաբար․․․ դե այդպես։ Մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ, որ մի օր պարզվի, որ ղեկավարը հոգեմետ դեղերի տակ էր կոչ անում սաղավարտներ ճարել, ջոկատներ կազմել ու գնալ հաղթանակի մասնակիցը դառնալու, ոչինչ էլ չի լինի, կանցնի-կգնա։
Երեկվա կատաղության հասնելու թեմաներից մեկը նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հայտնի դրվագն է։ Փաշինյանը բանավեճ է մուրում նախկին նախագահներից՝ արդեն երկար ամիսներ։ Նախ բանավեճի հրավիրեց․ նախագահների գրասենյակները ծաղրանքով-արհամարհանքով մերժեցին։ Հետո ժամկետ դրեց, թե եթե մինչև այսինչ օրը չպատասխանեք, կմտածեմ, որ․․․ և այլն։ Սա էլ անտեսվեց։ Հետո կատաղեց ու հայտարարեց, թե էլ կարող են չգալ, բանավեճը հայտարարում է փակված, բանավիճելու բան չունի։ Երկու շաբաթ հետո էլի ԱԺ նիստ էր, էլի նյարդայնացավ, թե՝ ինչու չեք գալիս բանավիճելու։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն արձագանքեց, որ լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է: Երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ իրեն բանի տեղ չեն դնում, իր բանավեճի հրավերը մնացել է արհամարհված։ Նիկոլն ասում է՝ եկեք բանավիճենք, որ միշտ էլ բանակցությունները եղել են Արցախը հանձնեու շուրջ։ Նրան ասում են, որ դու հիմարություն ես կրկնում։ Գոյություն ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ՝ Արցախի կեսից շատը հանձնեու մասին, գոյություն ունի Պրահայի փաստաթուղթ՝ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմ ճանաչելու մասին։ Այդ երկու թղթերի տակ էլ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Էլ ի՞նչ բանավեճ։ Նա հանձնել է Արցախը, հիմա ասում է՝ եկեք բանավիճենք, թե ով է հանձնել Արցախը։ Քո բանավեճը նախագահների հետ չէ, քո ձեռքի տակ են բոլոր բանակցային թղթերը, դու պետք է դնես, համեմատես ու տեսնես՝ որն է իրականություն դարձել, որի տակ ում ստորագրությունն է։ Հետո, դե ի՞նչ կա համեմատելու Մադրիդյան սկզբունքները Պրահայի՝ հանձնելու թղթի հետ։ Դրա ի՞նչը բանավիճես, իրոք որ։
Մի անգամ էլ եմ ասել՝ քո բանավեճը նախկին նախագահների հետ չէ, քեզ ընտրած ժողովրդի հետ է, որին դու հիմա համոզում ես, որ հերիք չէ վարչապետ փոխելը, նաև ժողովուրդը պետք է փոխվի, չնայած որ էդ մարդկանց ասում էիր՝ կախարդական փայտիկ ունես, սաղ հարցերը րոպեների ընթացքում ես փոխելու, հիմա թե՝ դուք էլ հլը փոխվեք․․․ Գնա նրանց հետ բանավիճի, բայց սովորական մարդկանց հետ, ոչ թե ՔՊ-ականների բարեկամների, որոնք լավ էլ դզվել են քո կառավարման ժամանակ։ Գնա Ալիևի հետ վիճի։ Դու պետք է նրան հրավիրես բանավեճի էն թեմայի շուրջ, թե ինչպես եղավ, որ ինչ ասել է՝ արել ես, մի մասն էլ խոստացել ես անել, Արցախը հանձնել ես, հողեր ես հանձնել Հայաստանից ու էլի ես հանձնում, Սահմանադրություն ես փոխում, հայցերից հրաժարվում ես, գերիներին տալիս ես, քարտեզները տալիս ես, ամեն ինչ անում ես թղթի դիմաց, ու թուղթը չկա, գերիներ կան, օկուպացիա կա։ Քո բանավեճը Ալիևի հետ է, որին ռիսկ չունես էդ հարցերը տալու։
Մյուս թեման, որը կատաղության հասցրեց, կոռուպցիան է։ Ազգային ժողովում ընդդիմադիր, ի միջի այլոց՝ կին պատգամավորները նրան հարցեր ուղղեցին կոռուպցիայի մասին, որի մեջ ուղղակի մինչև կոկորդը խրված է ՔՊ-ն։ Թե՛ քաղաքական կոռուպցիայից հարց տվեցին, թե՛ թալանից։ Նոր Նորքի թաղապետը ծեծել է քաղաքացուն ու մնացել անպատիժ, պաշտոնավարում է, նրան ո՛չ իրավական գնահատական է տրվել, ոչ հեռացրել են աշխատանքից։

7 տարի առաջ այս օրը Նիկոլը հայտարարել է՝ բռնությունը որպես հարցեր լուծելու գործիք, այլևս բացառում ենք, այլևս ոչ մեկ բռնությամբ հարց չի լուծելու։ Այս ընթացքում տեսել ենք իշխանության կողմից բռնությամբ հարց լուծելու բազմաթիվ դեպքեր, իսկ վերջինը, կուլմինացիոնը եղել է Մասիվի թաղապետը։ Նիկոլն՝ ինքն է հայտարարել թե՛ Հանրապետության հրապարակում, թե՛ Արցախի Վերածննդի հրապարակում, թե՛ բոլոր մարզային բեմերից, որ բռնություն իրականացնող պաշտոնյան նետվելու է աղբարկղը։ Իր պաշտոնյան բռնություն է կիրառել, ու հպարտանում են, ասում են՝ եթե առաջ դալաններում էին ծեծում, մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք, ուղիղ եթերում ենք ծեծում։ Նիկոլին հարց են տալիս բռնության մասին, պատասխան չունի։ Որովհետև խուլիգանություն անողին չի կարող պատժել․ քաղաքական կոռուպցիայի մեջ են։ Հենց Արամ Զավենիչի ականջները ձգեց, Երևանի քաղաքապետարանում կոալիցիոն դադարեցնելու են, ու քաղաապետի աթոռը գնա ձեռքներից։ Այսինքն՝ աթոռը պահելու համար թույլ են տալիս բռնություններ։ Պատկերացրեք՝ բռնություն կիրառած բոլորին ազատի աշխատաքից, կլինի թաղապետ, կլինի մարզպետ, կլինի ոստիկան, կզրկվի իր իշխանության հենասյունից։
Պատգամավորների մի քանի հարց վերաբերում էր անկախ Հայաստանի պատմության մեջ չլսված կառավարչական թալանին՝ ԱՆԻՖ-ին։ 34 տարվա անկախ երկրում ամենահնչեղ կոռուպցիոն գործն է, որի մեջ թաղված են հենց էս կառավարության ամենավերևները։ Ավելի քան 30 մլն դոլար պետական բյուջեից փոշիացվել է։ Նիկոլին հարց են տալիս, անընդհատ ցրում է․ ասում է՝ դե դա մենք ենք բացահայտել։ Դուք ոչ մի բան չեք բացահայտել, բացահայտել է մամուլը, դուք թաքցնում եք։ Գումարը ինքն իրենով չի ծախսվում, դա ծախսում են մարդիկ․ 30 մլն դոլար ծախսել են, կոռուպցիա են արել, մի հոգի մեղադրյալ չկա։ Կարո՞ղ է կառավարությունը 30 մլն դոլար թալանի ու կառավարության ղեկավարը տեղյակ չլինի դրանից։ Կասկածում եմ։ Դրա համար էլ հարցը տալիս են, կատաղում է, իրեն դնում է գժի տեղ, որ շեղի թեման։ Էդ օրը շեղում է, հաջորդ նիստին էլի նույն հարցն են տալիս։ Փաշինյանենք պետական պարտքը ավելացրել են 7 մլրդ դոլարով, ասֆալտ են արել, ասֆալտը արագ քանդվում է, էլի են անում, էլի է քանդվում, հա անում են, հա քանդվում է, արտաքին պարտքը կուտակվում է, ասֆալտ անող նախարարի ընտանիքը դղյակ է սարքում։ 7 տարի առաջ իշխանության է տիրացել կոռուպցիայի մասին առասպելներով, հիմա հարցի պատասխանը չունի, թե ինչպես է ԱԺ նախագահը դղյակ գնել, ԱԳ նախարարը դղյակ գնել, տարածքային կառավարման նախարարը դղյակ գնել, Երևանի քաղաքապետը, որը էդ փոշիացված 30 մլն դոլարանոց հիմնարկի պատասխանատուն էր, դղյակ է գնել։
Կոռուպցիյից հարց են տալիս, թաղապետը ծեծում է, Նիկոլն ասում է՝ տանեմ լցնեմ ԱԱԾ պադվալները։ Հա, կարող ա տանես լցնես ԱԱԾ պադվալները, 7 տարի էդ եք անում, բայց դրանով հարցը չի փակվում։ Եկել է կոռուպցիան արմատախիլ անելու, իր կաբինետի, սեղանի, բաժակի ընկերները սաղ միլիոնատերեր են դարձել, դա նկատելի է, տեսնում ենք, հարց ենք տալիս, պատասխանը չունի։ Նիկոլի սրտի դատավորին բռնում են, տանից մեշոկներով դոլարներ են հանում, կես միլիոն դոլար՝ կանխիկ փող են հանում․ էդ էն դատավորներն են, որ ասում էր՝ կարա՞ն իմ ասածը չանեն։ Անում են, փողերը լցնում են բարձի մեջ։ Նիկոլը դրա բացատրությունը ունի, բայց չի կարող հրապարակային տալ։ Դրա համար էլ ընկնում է հիստերիայի մեջ։
Ասում է՝ նախկինում աղքատությունը չեն հաղթահարել, որովհետև ձեռք է տվել իրենց, որ աղքատ լինի ժողովուրդը, որ 5 հազար դրամով ընտրություն կատարի։ Սա երեկ է ասում։ Նախկինում ու հիմա աղքատության նույն մակարդակն է։ Ինչո՞ւ․ ստացվում է, որ Նիկոլին ձեռք է տալիս դա, որ փող տա իրեն ընտրեն։ Հենց դրա համար էլ գուցե Գյումրիում ընտրատեղամասի դիմաց ՔՊ-ի շտաբն էր, մտնում էին էնտեղ, նոր գալիս ընտրության։ Ժողովրդի մոտ աղքատությունը չեն հաղթահարել ոչ մի տոկոսով, բայց ՔՊ-ական պաշտոնյաների վրայից աղքատության հաղթահարումը չռում է։ Դրա համար էլ հարցը տալիս է, ցնցումների մեջ է ընկնում, սկսում է գոռգոռալ, խառնվում են իրար, հերթական անգամ ծաղրում ենք, բոցեր ենք անում, հետո նայում ես, բայց, ախպեր, մեր հարցը ուրիշ բանի մասին էր, պատասխանը էլի չստացանք։
Կարճ ասած՝ Նիկոլն էսօր ասում է՝ հեղափոխությունն ամենահեշտ բանն էր, պարզվում է՝ հեղափոխություն կարողացել ենք անել, փոփոխություն չենք կարողացել։ Այո, 7 տարի իշխանության եք, կոռուպցիան ավելի շատ է, մականունավոր, հղփացած պաշտոնյաներն ավելի շատ են, թալանը ավեի շատ է, բայց դրա հետ մեկտեղ ունենք փոքրացած սահմաններ, ուենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, 150 հազար անտուն մնացած մարդիկ, 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք, 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնված հայրենիք, ունենք հանցագործությունների կրկանկի աճ, պետական պարտքի կրկնակի աճ, ունենք խաղամոլության հազար անգամ ավել աճ, ունենք անադեկվատ ղեկավարություն։ Դրա համար եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է նշվի ավելի շուտ որպես սգո օր»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան