«Խալխի հողերը պահած և սեփականը տանուլ տված հայ ժողովուրդն էդպես էլ չհասկացավ, որ պարսիկը բարեկամ է այնքան, որքան խաղաղապահ է ռուսը». Էդուարդ Մանվելյան
289
Այսօր, 00:00
Գրող Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ կողմ թերթես էս անտեր տարածքը՝ կամ պարսիկ ու եվրեյ են խաղում, կամ քեռակին ու տերտեր․․․ Դե, ես էլ, որպես հայտնի ռազմական փորձագետ՝ 250 տարվա փորձով, իմ կարծիքն ասեմ: Ուրեմն, լսեք, պարոնայք վայ-վերլուծաբաններ ու պարապ փորձագետներ։ Երբ անգլիացիները Գորգին խանի դավադիր սպանությունից հետո մտան Բենգալիա հնդկական զորքն ու հայկական ջոկատները դրանց կազմում՝ հանձնվեցին։ Անգլիացիները հնդիկներին ասացին՝ մի կողմ քաշվեք, բայց էն հայկական ջոկատների հանձնված հրամանատարներին բերեք մոտ։ Անգլիացիները հայկական ջոկատների հրամանատարներին ասացին (տնավարի եմ ասելու, որ հասկանալի լինի) տղերք, անհիշելի ժամանակներից մենք էս տարածքներում տեր ու տիրական ենք, բայց մեզնից առաջ, երբ Հնդկաստան եկան պորտուգալացի գաղութարարները, նրանց ակտիվ դիմադրություն ցույց տվեցիք դուք, ընգեր հայեր։ Եկան ֆրանսիացիները՝ էլի դուք։ Եկանք մենք՝ էլի դուք։ Այ բալամ, գնացինք Իրան, էլի դուք ելաք մեր դեմը՝ Իրանի համար։ Գնացինք Աֆրիկա՝ էլի դուք։ Գնացինք լատինական ամերիկա՝ էլի դուք։ Տո Օսմանյան կայսրությունում էլ էիք դուք մեր դեմ կռիվ տալիս թուրքերի համար։ Այ բալամ, աշխարհի որ քառակուսի մետրը գնացինք, մեր դեմ դուք ելաք, բայց ձեր սեփական երկիրը թողել եք ցարական ռուսաստանի հույսին, ձեր ունեցածն էլ վրացիներն են ուտում, և ուրեմն, մի շատ ինտիմ հարց, պարոնայք հայեր․ լավ, բա դուք տուն ու տեղ չունե՞ք․․․ Ես սա կենցաղային բարբառով եմ գրում, բայց այսպիսի տետ ա տետ զրույց իրոք կայացավ Հնդկաստանի ազգային հերոս Գորգին խանի սպանությունից հետո, երբ անգլիացիները վերջապես մտան Բենգալիա։ Եվ, իմիջայլոց, իրենց հրամանատարին դավադրաբար սպանած անգլիացիներից և մահմեդական զորքի հրամանատարից որևէ հայ վրեժ չլուծեց․ Գեորգի Հարությունյանի՝ նույն ինքը Գորգին խան, վրեժը լուծեց Բենգալիայի կառավարիչ Արկոտի Նավաբբին․ նա հրամայեց գլխատել բոլոր անգլիացի գերիներին՝ ի պատասխան հերոս խանի սպանության։ Սա ուղիղ ձեր այսօրվա անուղեղ վերլուծությունների և հիստերիկ պահվածքի անդրադարձն է դարերի խորքից․ սեփական տան մեջ էդքան զոհերից հետո որևէ մեկը վրեժխնդիր չեղավ, բայց ազգովի լծվել են սուրբ ու անսուրբ զտելուն, մեկ էլ ցուցակով շարել են, թե պետությունների տեսքով՝ ով ա լավ տղա, ով ապուշ գյադա։ Համա, հազարամյակներով խալխի հողերը պահած և սեփականը տանուլ տված հայ ժողովուրդն էդպես էլ չհասկացավ, որ պարսիկը բարեկամ է այնքան, որքան խաղաղապահ է ռուսը, կամ մարդասեր է ամերիկան։ Ֆրանսիան բարեկամ է ուղիղ այնքան, որքան թշնամի է, օրինակ՝ Վրաստանը։ Հայերը չհասկացան, որ իրենք բարեկամ ու խաղաղապահ չունեն, իրենք ունեն հավերժ բացակայող՝ ազգային շահ, որը, նախ և առաջ, սեփական ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը պաշտպանելու գրավական է։ Չունեք ձերը, կռվեք ու մեռեք խալխի համար՝ օնլայն կամ էլ հենց մարտի դաշտում»: