Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Վաղը նույն սցենարը կարող է կիրառվել Սյունիքի, Վայոց ձորի, նույնիսկ Երևանի նկատմամբ»․ Մետաքսե Հակոբյան

«Վաղը նույն սցենարը կարող է կիրառվել Սյունիքի, Վայոց ձորի, նույնիսկ Երևանի նկատմամբ»․ Մետաքսե Հակոբյան
261
Այսօր, 12:12

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի հուլիսի 4-ին Թուրքիան և Իրանը խորը պատմական, քաղաքական և բարոյական սահմանն անցան։ Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպեցին Արցախի Հանրապետության բռնազավթված մայրաքաղաք Ստեփանակերտում։
Այս հանդիպումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Օտարերկրյա ղեկավարների այցը օկուպացված տարածք՝ առանց իրավական ճանաչման, առանց բնիկ բնակչության վերադարձի, դա ոչ թե դիվանագիտական հարաբերություն է, այլ՝ բռնազավթման լեգիտիմացման ակտ։
Արցախը ներկայում գտնվում է ադրբեջանական զինված վերահսկողության ներքո՝ էթնիկ զտման, քաղաքական ճնշման և միջազգային լռության պայմաններում։ Եվ հենց այդ պայմաններում է տեղի ունենում թուրք-իրանական բարձրաստիճան հանդիպումը։
Ստեփանակերտում՝ առանց Հայաստանի ներկայության, որոշվում են տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային և քաղաքական օրակարգեր։ Այսինքն՝ Արցախն օգտագործվում է հակահայ ուժերի կողմից որպես հարթակ, իսկ Հայաստանը՝ անգամ որպես քաղաքական դիտորդ, բացակայում է։
Այս հանդիպումը կործանարար նախադեպ է։
Եթե Ստեփանակերտում արդեն օրինական է համարվում թուրք-իրանական օրակարգի առաջխաղացումը, ապա վաղը նույն սցենարը կարող է կիրառվել Սյունիքի, Վայոց Ձորի, նույնիսկ Երևանի նկատմամբ։
Իրանի և Թուրքիայի նախագահները այսօր նստում են բանակցային սեղանի շուրջ մի վայրում, որտեղ երկու տարի առաջ՝
❗️ապրում էին 120 հազար հայեր
❗️գործում էր ժողովրդավարական իշխանություն
❗️հնչում էր հայոց լեզուն,
❗️գործում էին եկեղեցիներ ու դպրոցներ։
Այս քաղաքը առանց հայ բնակչության է ադրբեջանական հարձակումից և Նիկոլ Փաշինյանի դավաճանությունից հետո։
Եվ այսօր նույն քաղաքում տոնում են հաղթանակը նրանք, ովքեր նպաստել են այդ ոչնչացմանը։
❗️Սա բարոյական խեղում է։
❗️Սա քաղաքական զբոսանք է գերեզմանոցում։
Իսկ ՀՀ իշխանությունների վարած հակահայ քաղաքականության արդյունքում, Արցախում Իրանը ներկայանում է որպես «խաղաղությամբ» քողարկված լռության հանցակից, որը լեգիտիմացնում է Ադրբեջանում իրականացված բռնությունները՝ հանուն տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերի։
❗️Իրանի ներկայությունը Ստեփանակերտում հավասարազոր է Արցախի հայության գերեզմանաքարի վրա ծաղիկ դնելուն։
Ստեփանակերտը ոչ միայն օկուպացված է ռազմականապես, այլ այժմ ենթարկվում է դիվանագիտական և բարոյական օկուպացիայի։
Թուրքիան ու Իրանը ոչ միայն փաստացի համաձայնվել են Արցախի հայաթափման հետ, այլ նաև դարձնում են այն սեփական շահերի իրականացման հարթակ։
Այս պայմաններում Հայաստանի լռությունը կամ կեղծ «խաղաղության օրակարգը» իրականում նշանակում է՝
❗️բարոյական կապիտուլյացիա
❗️քաղաքական հանցավոր անգործություն
❗️և ապագա ցեղաքանդումների ճանապարհի հարթում։
❗️❗️❗️Առանց Հայաստանի, հայկական հողում արդեն որոշվում է Հայաստանի ու Հայի ճակատագիրը, իսկ ՀՀ իշխանությունները լրացնում են պատկերը՝ բռնաճնշումների ենթարկելով, կեղծ ու շինծու ձերբակալություններով։ Անցնելով բոլոր սահմանները, դատում են հայ մեծանուն բարերարին, ով որոշեց, որ պիտի թույլ չտա Եկեղեցու պղծում, Հայրենիքի կործանում։ Դատում են Եկեղեցու ծառաներին, դատում են առանց Արցախ ապրել չցանկացողներին, դատում են Հայրենիքը ամեն ինչից վեր դասողներին, դատում են Հային…
❗️❗️❗️Դավաճանները կարող են ունենալ ժամանակավոր իշխանություն, բայց չունեն արդարություն։ Իսկ արդարությունը միշտ վերադառնում է՝ թեկուզ ցավով, բայց անկասելիորեն։
Ու որքան էլ մեզ թվա, թե ուժ չունենք, միևնույն է կանգնեցնելու ենք այս ընթացքը, քանզի այլընտրանք չունենք՝ կամ մենք, կամ ոչ ոք»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան