«Օսմանցին հարվածում էր կառույցին, Նիկոլը՝ էությանը»․ Արմեն Հովասափյան
167
Այսօր, 12:06
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել էի մի հիմնարար դիտարկման, ըստ որի՝ հայ ժողովուրդը երբեք որևէ օտար նվաճողի հետ դավանաբանական այդքան լուրջ խնդիր չի ունեցել՝ բացառությամբ Բյուզանդիան և թուրքերը (սելջուկներից սկսած), բայց նույնիսկ այդ դեպքերում խնդիրը միմիայն հավատքի բովանդակության հետ չէր կապված։ Եթե Բյուզանդիայի պարագայում Առաքելական եկեղեցու կլանումն էր հիմնական շարժառիթը, որպեսզի ուժեղացնի իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում, ապա թուրքերի պարագայում խնդիրը՝ որքան էլ տարօրինակ հնչի, այնքան էլ դավանաբանական չէր, այլ կոմունիկացիոն և կազմակերպչական բնույթի։ Խնդիրն այն է, որ Օսմանյան իրականության մեջ եկեղեցին չէր դիտվում պարզապես որպես աղոթքի վայր, այլ տեղեկատվության շրջանառության, համայնքային կապերի պահպանման, ինքնության վերարտադրության հանգույց։ Երբ գրեթե յուրաքանչյուր հայաբնակ վայրում գործում էր եկեղեցի ու տեղում հոգևորական էր ծառայում, մարդիկ կարողանում էին այդ կառույցի միջոցով կապ պահել միմյանց հետ, փոխանցել լուրեր, պահպանել ազգային մշակույթը,ոգին, դպրոցը։ Այլ կերպ ասած՝ եկեղեցին լոգիստիկ ինստիտուտ էր՝ ոչ պակաս, քան հոգևոր կենտրոն։ Այսինքն՝ հավատքը վտանգ էր ոչ թե որպես ներքին համոզմունք, այլ եկեղեցին՝ որպես սոցիալական հանգույց։ Այս իմաստով, Օսմանյան կայսրությունը հալածում էր եկեղեցին նաև ոչ թե նրա համար, որ այն քարոզում էր Քրիստոսին, այլ որովհետև այն մոդերացնում էր ներհասարակական կապերը։ Եվ հենց այդ պատճառով էր վտանգավոր։ Հիմա վերադառնանք մեր օրեր։ Այն ապազգային, հակակրոնական, բայց կարևոր չէ՝ լիբերալ թե ավտոկրատական իշխանությունը, որը ներկայում իրականացնում է Նիկոլը, արդեն մի քանի տարի է՝ թիրախավորել է եկեղեցին ու անձամբ Վեհափառ հայրապետին։ Բայց այստեղ բանաձևը փոխված է։ Նիկոլը չի պայքարում միայն եկեղեցու կազմակերպչական ֆունկցիայի դեմ, քանզի ժամանակակից տեխնոլոգիական պայմաններում այդ ֆունկցիան գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է սոցիալական ցանցերի ու այլ հարթակների վրա։ Գաղտնիք չէ, որ այսօր լրատվությունը փոխանցվում է Ֆեյսբուքով ու Յութուբով, ոչ թե գավառական եկեղեցու բակում։ Ուստի, եթե Նիկոլի նպատակը լիներ հասարակության կոմունիկացիոն կառույցները վերահսկելը, նա կարող էր փակել Ֆեյսբուքը, արգելափակել մեդիան, վերահսկել Տելեգրամը և այլն։ Բայց նա դա՛ չի անում։ Փոխարենը թիրախավորում է եկեղեցին, այն դեպքում, երբ վերջինիս հիմնական գործառույթն այսօր սահմանափակվում է մարդու հոգևոր ինքնության ձևավորմամբ, հոգևոր սնուցմամբ, սրբազան ընթացակարգերով ու ներքին հավատի վերահաստատմամբ։ Այսպիսով, տրամաբանական եզրահանգումը շատ պարզ է․ Նիկոլն այսօր պայքարում է հենց ժողովրդի հոգու և ոգու դեմ։ Եթե օսմանցին եկեղեցուն դիտում էր որպես հաղորդակցության ցանց, ապա Նիկոլը այն դիտում է որպես հոգևոր ինքնության վերջին պատնեշ, ավելին՝ այդ պատնեշը նա փորձում է ջախջախել։ Ի դեպ, այս երկու դրվագը համադրելիս մի եզրահանգում է մնում․ Նիկոլի վարած այսօրվա քաղաքականությունը՝ եկեղեցու դեմ ուղղվածությամբ, շատ ավելի վտանգավոր ու կործանարար է, քան այն, ինչ արվել է Օսմանյան կայսրությունում 15–16-րդ դարերում, որովհետև օսմանցին հարվածում էր կառույցին, Նիկոլը՝ էությանը։