Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Կանցնեմ միջազգային դատարան և կապացուցեմ ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան

«Կանցնեմ միջազգային դատարան և կապացուցեմ ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
166
Այսօր, 12:12

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել «Լապշինի գործով» առաջին ատյանի դատարանի հայտնի որոշումը, որով պահանջվում է հերքել անհերքելին։
Հիշեցնեմ, որ 2019-ի մայիսի 11-ին Գավառ քաղաքում կառավարական միջոցառման ժամանակ սեփական աչքերով տեսել, սեփական ականջներով լսել եմ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։
Լապշինին խորհուրդ տվեցին դադարեցնել Ադրբեջանի դեմ քարոզչական քայլերը, քանի որ, մեջբերում եմ, «Հայաստանը փոխում է իր կողմնորոշումը դեպի Թուրքիա և Ադրբեջան»: Լապշինի հարցին, թե Արցախի հարցը չլուծված, ինչպես կարող են բարեկամանալ Ադրբեջանի հետ, եղավ պատասխան, որ կտան Արցախը։
Լապշինի մյուս հարցին, թե ինչպե՞ս կարող է ժողովուրդը տալ Արցախը, եղավ մեկ այլ պատասխան՝ մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա։
Պատերազմից առաջ այս խոսակցության մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն էյֆորիայի մեջ ժողովուրդը և լրատվամիջոցները ոչինչ լսել չէին ուզում։ Նույնիսկ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի հետ եմ այս մասին խոսել, բայց որևէ արդյունք չի եղել։
Պատերազմից հետո կրկին բարձրաձայնել եմ, ինչից հետո սկսվել է դատական գործընթաց՝ իբր թե զրպարտության համար։ Լապշինը նախ ինձ համոզել է չխոսել, որպեսզի «Նիկոլը իրեն չսպանի», ապա հերքել է բոլոր փաստերը։ Ենթադրաբար եղել է ճնշում կամ նման մի բան։
Ավելի քան 2 տարվա դատական գործընթացում դատարանը իմ համոզմամբ խախտել է մեր բոլոր իրավունքները, նույնիսկ մերժել է դատարանում քննարկել փաստական ապացույցները միայն այն պատճառաբանությամբ, որ դրանք հայերեն չեն, այլ ռուսերեն։
Դատական վճռի հրապարակման օրը անակնկալ կերպով դատավորն անհետանում է, հետո հայտնի է դառնում, որ կոռուպցիայի ինչ-որ գործով հարցաքննության են կանչել։ Միայն երկու օր անց դատավորը վերադառնում է, և մինչ վճռի հրապարակելը որոշ պաշտոնյաներ արդեն գիտեին ու հայտարարում էին, որ դատարանի վճիռը Նաիրի Հոխիկյանի դեմ է։ Եթե չկա քաղաքական պատվեր, չի կարող որևէ մեկն իմանալ դատարանի վճռի մասին մինչև դրա պաշտոնական հրապարակումը։
Ես բարձրաձայնեցի քաղաքական պատվերի իմ համոզմունքի մասին։ Իշխանության շահերը պաշտպանող փաստաբանը ամիսներ անց հեռացավ Հայաստանից ու սկսեց հրապարակային հայտարարություններ անել նույն իշխանության դավաճանության մասին՝ չթաքցնելով, որ եղել է Արցախի դավաճանական հանձնում։
Պատկերացնում ե՞ք, վարչապետի երբեմնի մամուլի խոսնակ, հետո Ուկրաինայում, ապա Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի փաստաբանն է նույնիսկ ասում, որ Արցախը հանձնել են դավաճանությամբ։
Ամեն դեպքում, առաջին ատյանի դատարանի վճռով, իմ դեմ նշանակվեց 508.000 դրամի նյութական վճարում Նիկոլ Փաշինյանի երբեմնի մամուլի խոսնակին և միաժամանակ հերքել անհերքելին, այսինքն հայտարարել, թե ես չեմ լսել Արցախի հանձնման մասին որևէ խոսք, Լապշինին չեն ասել, նա էլ ինձ չի ասել ոչ մի նման բան։
Այսինքն հերքել այն, ինչ լսել եմ սեփական ականջներով։
Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները ևս պահպանեցին այս վճիռը։ Ես այլ բան չէի սպասում, բայց պետք էր սպառել ներպետական դատական համակարգը՝ միջազգային դատարան մտնելու համար։
Ես կվճարեմ Նիկոլ Փաշինյանի թիմին 508.000 դրամը, կկատարեմ դատարանի, իմ համոզմամբ, ապօրինի պահանջը, բայց անմիջապես կանցնեմ միջազգային դատարան և կապացուցեմ ճշմարտությունը։
Հիմա փնտրում եմ միջազգային դատարանների հետ աշխատելու փորձ ունեցող փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փոխկապակցված պաշտոնյաների դեմ հայցեր ներկայացնելու համար։ Արցախի հանձնումը չեն մարսելու»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան