«Ցուցադրական դատավարությունն ու պատժաչափերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն անտեսում է ՀՀ-ն»․Թաթուլ Հակոբյան
115
Այսօր, 00:18
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հարևան հանրապետությունում մեղադրողները հրապարակվել են գերեվարված հայ պաշտոնյաների պատժաչափերը՝ հիմնականում ցմահ: Հաշվի առնելով, որ մինչև արցախահայության առաջ Հակարիի կամրջի բացումը Բաքուն առաջնահերթ պահանջել է Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի հանձնվելը, և տեսնելով, որ Բաբայանին տրվել է ցմահ, ցավոք, նույն չափը տալու են նաև Վարդանյանին: Ավելին, ի տարբերություն Դավիթ Բաբայանի, որ առաջինն է ներկայացել և տարվել Բաքու, Ռուբեն Վարդանյանը փորձել է անցնել Հակարին: Քանի որ նա եղել է Դավիթ Մանուկյանի մեքենայի մեջ, վերջինիս ևս ձերբակալել են ու տարել Բաքու: Բացառությամբ Դավիթ Բաբայանի, ձերբակալված մյուս բոլոր պաշտոնյաները փորձել են ռուս խաղաղապահների օգնությամբ դուրս գալ Ստեփանակերտից, բայց ադրբեջանցիները դա թույլ չեն տվել: Ես մտածում եմ, անշուշտ ձայնս տաք տեղից է գալիս, որ երբ արցախահայությունը դուրս եկավ, արտաքսվեց իր հայրենիքից, Արցախի ղեկավարությունը պետք է փորձեր անտառներով ելքեր փնտրել դեպի Հայաստան: Դա կլիներ ավելի արժանապատիվ քայլ, հասկանալով, որ հնարավորությունները մեծ չեն: Ոչ միայն դա չի արվել, այլ Արցախի ուժային կառույցների մի քանի ղեկավարներ, որոնց պարտականությունների մեջ էր մտնում նաև իրենց ղեկավարության անվտանգությունը, հենց իրենք են ադրբեջանցիների պահանջով ռուսների մոտ վերջին օրերին գտնվող նախագահներին բերել տվել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից նրանց տարել են Բաքու: Այս մասին էլ ունեմ հրապարակում: Եվ այդ մարդիկ, նաև Եվլախ գնացածները, մինչև օրս պապանձվել են ու բառ անգամ չեն խոսում: Ցուցադրական դատավարությունն ու տրված պատժաչափերը ցույց են տալիս, որ հարևան հանրապետությունը անտեսում է Հայաստանը և նրա ժողովրդին: Ահա այդ պատճառով եմ գրել և ուզում եմ կրկնել, որ ամոթ է անդադար շնորհակալություն հայտնել, կրեդիտ տալ, քծնել, շողոքորթել ցորենի/անասնակերի համար, ուղղակի ամոթ է: Հայաստանը, որպես պետություն, պետք է ջանքեր գործադրի, որ առաջիկայում, մինչև տարեվերջ, գերիներից մի քանիսը վերադարձվեն: Մենք Բաքվի բանտերում ունենք 23 հոգի: Երկրորդ, պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստան-Ադրբեջան տանելի հարաբերություններն ու ապագան են, որ կարող է հույս տալ բոլոր գերիների վերադարձի համար: Օտարերկրյա խորհրդարանների, ինչ-ինչ հայասերների վրա հույս դնելը անմտություն է: Նման քայլերն ավելին են բարդացնում իրավիճակը»: