Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան

«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան
286
Երեկ, 23:42

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում
Մաս I
1823 թ. ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոն ընդունեց «Մոնրոյի հայեցակարգը», որն ամերիկյան պատմագրության մեջ հայտնի է որպես «մեկուսացման» քաղաքականություն։ Նպատակը Արևմտյան կիսագնդում նոր աշխարհակարգի հաստատումն էր ԱՄՆ-ի գլխավորությամբ և Հին աշխարհից անջրպետումը։ Ըստ այդմ Հարավային և Հյուսիսային Ամերիկաները հայտարարվում էին ԱՄՆ կենսական շահերի տարածք։
Վենեսուելայի միջադեպը լիովին տեղավորվում է Մոնրոյի հայեցակարգի տրամաբանության մեջ, որի համար Արևմտյան կիսագնդում սահմաններ չկան, սա ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական խնդիր է Սպիտակ տան ընկալմամբ։ Եվ այո շատ «բնական» է, որ Նիկոլաս Մադուրոն որպես շարքային հանցագործ պետք է կանգնի «ամենաժողովրդավարական» և «ամենաանաչառ» ամերիկյան դատարանի առջև։ Թրամփի օրոք վերածնվում են հին «բարի» ավանդույթները, երբ 1920-1930-ական թթ Նահանգները Կենտրոնական կամ Հարավային Ամերիկայի որոշ պետությունների հետ պայմանագրեր կնքելիս ամրագրում էին, մի կետ, ըստ որի վեճերի լուծման վերջին ատյանը դիտարկվում էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը։
Թրամփիզմը արտաքին քաղաքական իմաստով նեոմոնրոիզմի դրսևորում է և դուրս է եկել իր կենսական սահմաններից՝ վերածվելով աշխարհում ամերիկյան ժողովրդավարության կառուցման գործիքակազմի, որի համար նոր ֆունդամենտներ են պետք, օրինակ՝ դանիական Գրենլանդիան, կամ Սիրիան՝ Մերձավոր Արևելքում, Ուկրաինան՝ Ռուսաստանի և Եվրոպայի սահմանում, Հայաստանը որպես միջանցք Արևմուտքի և Արևելքի արանքում, և այլն։
Արևմտյան կիսագնդում կա 35 պետություն, որից 34-ի ռազմական բյուջեն կազմում է 100 մլրդ դոլար, ԱՄՆ-ինը 10 անգամ ավել (մոտ 1 տրիլիոն)։ ԱՄՆ-ն միակ ատոմային գերտերությունն է Արևմտյան կիսագնդում։
Մաս II
Հայաստանը ևս վերածվել է մեկուսացման քաղաքականության թիրախի և հիմնական դերակատարները Թուրքիան և Ադրբեջան են եղել։ Ներկայումս մեր պետության դեմ կիրառվում է մեկուսացման «բաց» քաղաքականություն, որի խնդիրը խաղաղության կեղծ օրակարգի ներքո սահմանների «ապաշրջափակումն» է և «բարիդրացիական» հարաբերությունների հաստատումը, իսկ իրական նպատակը՝
1. ՀՀ-ի որպես ազգային պետության ոչնչացումը՝ Առաքելական եկեղեցու հնազանդեցման և կործանման, #Իրականհայաստանի գաղափարախոսության որդեգրման, 4-րդ հանրապետության հռչակման և նոր սահմանադրության ընդունման միջոցով։
2. Թուրքիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գերիշխանության հաստատում և ռուսական ազդեցության չեզոքացում կամ սկզբանական շրջանում հավասարակշռում։
3. Վերջնանպատակ. ՌԴ-ի և Իրանի որպես տարածաշրջանային դերակատարների մեկուսացման ճանապարհով Հայաստանի ընդգրկում Մեծ Թուրանի մատրիցայում։
Հ.Գ. Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն դրան։ SMS-ային մշակույթը ո՛չ միայն կրում է ներքին, այլև արտաքին քաղաքական բնույթ, բայց այս պարագայում դրանք ստանում է վարչապետը և խոնարհաբար հետևում դրանց»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան