Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հերթը հասել է Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել, տրվել սրան կամ նրան»․ Հայր Ասողիկ

«Հերթը հասել է Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել, տրվել սրան կամ նրան»․ Հայր Ասողիկ
248
Երեկ, 20:42

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:
Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների...
Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:
Բնավ, երբեք ուշ չդարձնեք, սիրելիներ, այդ սուտ և զազիր խոսքերին ու տեսանյութերին, որոնք կրկին սկսել են շրջանառել որոշ շրջանակներ՝ այդպես խժդժություն առաջ բերելու չարանենգ նպատակով:
Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ունեն հոգևոր ու ազգային ինքնագիտակցություն՝ հրաժարվելով ու հեռացնելով ամենայն չարից ու չար խորհուրդ, չար խոսք ու գործ:
Վստահ եմ, որ Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. եղիցի, եղիցի»: