Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դեպի ապագա շարժվելու համար կարևոր է՝ մարդիկ լավ հիշեն, թե նախկինում ինչ է եղել»․ Դանիել Իոաննիսյան

«Դեպի ապագա շարժվելու համար կարևոր է՝ մարդիկ լավ հիշեն, թե նախկինում ինչ է եղել»․ Դանիել Իոաննիսյան
159
Երեկ, 09:42

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում տեղի ունեցող ցույցերի ամենահետաքրքիր դրվագն այն է, որ շատ ցուցարարներ վանկարկում են սրանից կես դար առաջ նույն Իրանի ժողովրդի կողմից անծայրածիր կոռուպցիայի համար գահընկեց արված Շահ Փեհլեվիի անունը: Որոշ ցուցարարներ նաև կանչում են նախկին Շահի ժառանգին՝ Ռեզա Փեհլեվիին:
Ու թեև նախկին շահի որդին, իհարկե, Իրանի ժողովրդին որևէ վատություն չի արել, բայց նրա հայրը, սրանից կես դար առաջ եղել է Իրանի ամենաատված մարդը:
Չմտնելով Իրանի ներկա իրադարձությունների դետալների մեջ, պետք է արձանագրենք, որ սա շատ հետաքրքիր դաս է, որը խոսում է մարդկանց քաղաքական հիշողության դեֆիցիտի մասին:
Եվ այդ ֆոնին պետք չի զարմանալ, որ մեր երկրում երիտասարդները չեն պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցարարներ էին գնդակահարում, անկախ լրագրողներին ծեծելով սատկացնում էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ նրա ծնողներին հայհոյանք տվողները մի լավ ծեծ էին ուտում կամ էլ ինչ-որ շենքի տանիքի եզրից ներողություն հայցող տեսանյութ գրում:
Երիտասարդները չեն պատկերացնում, որ ոչ վաղ անցյալում բանակի գնդի հրամանատարները խոզ էին պահում ու զինվորների սնունդը խոզերին տալիս: Չեն պատկերացնում, որ մեր երկրում դիտորդներին ծեծելով լցոնումներ էին անում ու համարյա բոլոր դպրոցների դասատուներին պարտադրում, որ իշխանության համար երաշխավորված քվեարկող ու ընտրակաշառք վերցնելուն պատրաստ առնվազն 15 հոգու անուն տան:
Դեպի ապագա շարժվելու համար շատ կարևոր է, որ մարդիկ լավ հիշեն, թե նախկինում ինչ է եղել»:

Աղբյուրը`   Դանիել Իոննիսյան