Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի տարեկան «Սև ցուցակը»
![]() 132 Այսօր, 11:54 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի տարեկան «Սև ցուցակը»։ «Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2025 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Այսպես. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան «Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի լրագրող Հայկ Հովհաննիսյանը 2025թ․-ի հունվարի 21-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու է հունվարի 20-ի ԱԺ նիստի հերթական նիստը մեկնարկել ՀՀ օրհներգի քառատողերի փոփոխված տարբերակով, եթե ոլորտային օրենքի փոփոխությունները դեռ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից։ Լրագրողը նաև խնդրել է նշել, թե ինչ և ում կարգադրության հիման վրա է հնչել փոփոխված քառատողերով օրհներգի տարբերակը։ Ազգային ժողովի նախագահի գրասենյակից լրագրողի հարցմանն ի պատասխան նշել են, որ «․․․ՏԱ օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ԱԺ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ «․․․ Ձեր կողմից ներկայացված հարցերը որևէ ձևավորված տվյալի կամ տվյալների հարցում չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մեկնաբանության տրամադրման հարցում»։ ԱԺ մերժումն անհիմն է, այն չի բխում Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներից։ Տվյալ դեպքում լրագրողն ԱԺ նախագահից ակնկալել է տվյալներ ԱԺ նիստում տեղի ունեցածի, եղելության, նիստի սկզբում փոփոխված օրհներգի հնչելու փաստի և դրա հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ։ Հետևաբար լրագրողի դիմումը ՏԱ օրենքի իմաստով հարցում է և պետք է ստանա ՏԱ օրենքով սահմանված պատասխան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 2025թ․-ի հուլիսի 10-ին Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդյանյանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները։ Հարցման համար առիթ էր դարձել ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որով Վարչապետն առաջարկել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել։ Լրագրողը հարցմամբ խնդրել էր տրամադրել տվյալներ այն մասին, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հայտ է ստացվել, արդյո՞ք դրանք բավարար են խմբի ստեղծման համար, սահմանվա՞ծ է դիմելու վերջնաժամկետ և այլն։ Հարցումն ուղարկելու 5-րդ օրն Վարչապետի աշխատակազմը լրացուցիչ 30-օր էր խնդրել պատասխան տրամադրելու համար։ 2025թ․-ի օգոստոսի 22-ին՝ հարցումն ուղարկելու 42-րդ օրը, չստանալով պատասխան, լրագրողն այդ մասին նյութ էր հրապարակում, իսկ 4 օր անց ստանում մի քանի հարցից բաղկացած հարցման պատասխանը մեկ նախադասությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ առաջիկայում Ձեր կողմից բարձրացված հարցերին կտրվեն հրապարակային սպառիչ պատասխաններ»։ Վարչապետի աշխատակազմի մերժումը չունի պատշաճ հիմնավորում, ավելին, անգամ եթե մերժումը հիմնավոր է, այն պետք է տրամադրվեր անմիջապես, առանց լրացուցիչ ժամանակ խնդրելու, քանի որ օրենքով լրացուցիչ ժամանակ տրամադրվում է պահանջվող տվյալների առնվազն մի մասի հավաքագրման և ամբողջացման նպատակով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարություններին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որ կազմակերպություններին և անհատներին է 2024թ.-ի ընթացքում տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ և տրամադրել նրանց ցանկը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև նշել յուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբսիդիայի նպատակը, տևողությունը և գումարի չափը, տրամադրել մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումներ, յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Հարցմանը թերի պատասխան է տրամադրել Առողջապահության նախարարությունը։ Վերջինս իր պատասխանում նշել է․ «2024 թվականի ընթացքում Առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհները տրամադրվել են Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշմամբ սահմանված կարգով և կազմակերպություններին»՝ ըստ էության չտրամադրելով հայցվող տեղեկությունները: Հատկանշական է, որ պատասխան գրության մեջ նախարարությունը ոչ մի բառ չի նշել սուբսիդիաների մասին, այնինչ ԻԱԿ-ի գրության հարցերը վերաբերում էին ոչ միայն դրամաշնորհներին, այլև սուբսիդիաներին, ուստի առնվազն անհրաժեշտ կլիներ հստակեցնել՝ արդյոք սուբսիդիաներ տրվել են, թե ոչ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը 2025թ․-ի մարտի 5-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչ աղբյուրներից են ստացվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 100 մլն դոլարը, որի մասին նախարարը նշել է իր հանրային հարցազրույցներից մեկում՝ հավաստելով, որ «… ծրագրի իրականացման համար արդեն 100 մլն դոլարը առկա է, իսկ մնացած մասը պետական (բյուջետային) երաշխիքով կտրամադրեն հայկական բանկերը»: Թ․ Ենոքյանը հարցմամբ խնդրել էր տրամադրել նաև պետական երաշխիք տրամադրելու համար անցկացված աուդիտի արդյունքները։ Նախարարությունը հարցման առաջին հարցին ի պատասխան նշել էր, որ տեղեկությունը դուրս է Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից, իսկ աուդիտի արդյունքների տվյալները մերժել էր տրամադրել՝ նշելով որ այն պարունակում է պետական, բանկայի, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ։ Աուդիտի արդյունքների տրամադրման մերժումը պատշաճ չէ, քանի որ հղում չկա, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են սահմանված պատասխան գրության մեջ ներկայացված մերժման հիմքերը։ Միաժամանակ, Նախարարությունը նշում է, որ փաստաթուղթը պարունակում է տրամադրման ոչ ենթակա տեղեկություն, ինչը չի բացառում, որ աուդիտի մյուս մասը կարող է լինել բաց և տրամադրվել մասնակի, ինչը այս դեպքում ևս չի կատարվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանն ապրիլի 11-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ընդունման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերին առնչվող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես, արդյոք նախարարությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, տրամադրե՞լ են այդ պայմանագրի վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում եզրակացություններ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել պայմանագրի տեքստը։ Նախարարությունն արձագանքել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ՝ պատասխան գրությամբ նշելով միայն, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետներում կանցնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»։ Միաժամանակ համաձայնագրի տեքստը տրամադրելու համար ԱԳՆ-ն 30-օրյա լրացուցիչ ժամկետ է խնդրել, ապա դրա լրանալուց 4 օր առաջ մերժել հայցվող տեղեկության տրամադրումը։ Ստացվում է նախարարությունը ոչ միայն խախտել է ժամկետներն ու չի տրամադրել բովանդակային պատասխան, այլև խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինողն այդ մասին պետք է հայտնի 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը։ Վերոնշյալ տեղեկությունը նախարարությունից ստանալու նպատակով լրագրողն ուղարկել է մի քանի հարցում, որոնց պատմությունը լրագրողը ներկայացրել է նաև առանձին հոդվածներով։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան 2025թ. մարտի 21-ին News.am լրատվական կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանը ՀՀ դատախազություն է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2023թ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արդյոք 2024 և 2025 թթ. ընթացքում ռուսական կողմը, ՀՀ դատախազը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկել է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով: Լրագրողը նաև հարցրել է, հնարավոր նոր հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու վերաբերյալ: Դատախազությունը, սակայն, այս 4 հարցից բաղկացած գրությանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ի պատասխան մարտի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման ողջ տեղեկատվությունը առկա է ՀՀ դատախազության կայքում» և տրամադրել ակտիվ հղում, որը տանում է լրագրողի կողմից նշված հանդիպման մասին պատմող տեղեկատվական նյութին։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողը մարտի 24-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին սակայն դատախազությունը պատասխանել է նույնաբովանդակ գրությամբ։ ԻԱԿ-ը Դատախազության պատասխանները որակել անհիմն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը 2025թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի վերաբերյալ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել քաղաքապետարանի և «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության միջև կնքած պայմանագրի պատճենը՝ կից փաստաթղթերով: Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ տրամադրել է ակտիվ հղում՝ նշելով, որ այնտեղ կարելի է ծանոթանալ պահանջվող պայմանագրին։ Տրամադրված հղումը, սակայն, պայմանագրին հասանելիություն չի ապահովում, այլ տրամադրում է Երևանի քաղաքապետարանի պայմանագրերի օրինակելի ձևանմուշը։ Լրագրող Գայանե Խաչատրյանը հունիսի 16-ին կրկին դիմել է քաղաքապետարան՝ նշելով հղման ոչ պատշաճ լինելու մասին և կրկին խնդրել է ուղարկել երկկողմ ստորագրած պայմանագրի պատճենը։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ պայմանագրի «….տրամադրումն այս փուլում հնարավոր չէ»։ Այսպիսով, Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մերժելով տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ հիմնավորելման։ Լրագրողը դիմել է ԻԱԿ-ին խախտված իրավունքի պաշտպանության հարցով, ԻԱԿ-ը հուլիսի 2-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել հարցում՝ նույն տեղեկության տրամադրման պահանջով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Իրանը կարևոր է բոլորի համար»․ Վարդան Ոսկանյան
7513:12
«ԱԺ-ն կքննարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը երկարաձգելու նախագիծը». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5913:00
Առողջական վիճակից ելնելով՝ Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին
9312:36
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում
8112:24
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի տարեկան «Սև ցուցակը»
12211:54
«Փաշինյանի համար Մայր Աթոռը սրբություն չէ, այլ քաղաքական լուրջ մրցակից»․ Տաթևիկ Վիրաբյան
14311:36
«Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային»․ Արման Թաթոյան
11111:30
«1990թ-ին տեղի է ունեցել աղմկահարույց սպանություն՝ Տավրոս Սափեյանի հոր մասնակցությամբ». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
20411:24
