«Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը». Սամվել դպիր Գրիգորյան
154
Այսօր, 21:54
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՈԹԱՆՔ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ, ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ Ու ԴՊԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՈՂ ՏԻՐԱԴԱՎ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով. 1. Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում: 2. Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ: 3. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար: 4. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպէսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն: 5. Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին: 6. Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ: 7. Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել՝ շնորհազուրկ կարգալույծների չպատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չհաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չդպիրներին: 8. Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած՝ արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին: 9. Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին: 10. Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ: Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ՝ վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը: Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն. «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14): Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ․ 25:12)»: