Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Հոգևոր Հայաստանը պետք է դառնա ընդդիմության առաջարկը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հոգևոր Հայաստանը պետք է դառնա ընդդիմության առաջարկը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
107
Այսօր, 09:36

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ուշադիր հետևում եմ ընդդիմադիր տարբեր ուժերի՝ մեր հանրությանը տրվող խոստումներին ու արվող առաջարկներին։ Ընդհանուր տրամաբանությունը, կարծում եմ, պարզ է՝ ընդդիմությունը հարմարվել է տարածվող այն «թեզին», իբր ժողովուրդը պատվազուրկ և անարժեք բազմություն է, և փորձում է իր մոտեցումները հարմարացնել հանրության ոչ թե գիտակից, այլ՝ կներեք կոպիտ ձևակերպման համար, գրեթե կենդանական բնազդներով առաջնորդվող հատվածին։
Այսպես եթե շարունակվեց, հեռու չէ այն օրը, երբ ընդդիմության շարքերից ժողովրդին կխոստանան նույն ադրբեջանական բենզինը, բայց շատ ավելի ցածր գնով…
Շեշտը դրվում է նյութապաշտության վրա։ Արժեքները երկրորդ պլան են մղված։ Անտեսված է նաև ազգային արժանապատվությունը։ Փորձեք հիշել, թե ինչ տեղ ունի, օրինակ, Արցախի հարցը ընդդիմադիր ուժերի քաղաքական օրակարգում։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե ոնց են վերաբերվում այդ ուժերի շատ ներկայացուցիչներ արցախցիներին։ Զուտ որպես ընտրազանգված։
Այլևս հնարավոր չէ չխոսել սրա մասին։ Ընդդիմությունը չի կարող առաջնորդվել «նիկոլից ավելի նիկոլ» սկզբունքով։ Նիկոլական առաջարկ մեր հանրությունն արդեն ունի։ Դրա պտուղներն էլ է քաղել։
Ու նաև չի կարելի ձևացնել, թե երկրում ամեն ինչ նորմալ է, և իշխանություններին հաղթելու համար միայն գեղեցիկ փաթեթավորված խոստումներ են պետք։ Երիցս ո՛չ. աղետի մեջ ենք։ Հազարավոր կյանքեր ենք կորցրել, Հայրենիք ենք կորցրել, մեր միասնությունն ենք կորցրել, մեր ապագան ենք կորցրել… Ոչինչ նորմալ չէ, ոչինչ։ Մեր սրբություններն ու արժեքները ոտնակոխ անող իշխանություն ունենք, դրանց ամեն քայլ արդարացնող դատական համակարգ, ազգի դեմ կռվի դուրս եկած իրավապահներ, բազում բանտարկյալներ Բաքվում ու Երևանում… Սա է մեր իրականությունը։ Այստեղ են մեր խնդիրները։ Եվ հենց այս խնդիրներին է պետք լուծում տալ։
Վերջին օրերին ցանցում հաճախ եմ հանդիպում «իսկ ո՞րն է ընդդիմության առաջարկը» հարցադրումը։ Ինքս էլ էի ժամանակին նման հարց բարձրացնում՝ «ընդդիմության առաջարկ» ասվածը նույնականացնելով «հականիկոլ օրակարգի» հետ։ Շփոթությունս հենց այստեղից էր գալիս. ցավոք, պարզվեց, որ երկու այդ հասկացությունները նույնական չեն։ Համենայն դեպս՝ ընդդիմության մեծամասնության դեպքում հաստատ նույնը չեն։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դրանք նույնականացվեն։ Այսինքն՝ «ընդդիմության առաջարկը» ոչ թե կուշտ փորով հաց ուտելուն վերաբերվի, այլ ազգային արժանապատվության վերականգնելուն։
Բագրատ Սրբազանի հետ այս հարցի շուրջ շատ ենք խոսել։ Իմ խորին համոզմամբ՝ Սրբազան Պայքարի ընթացքում նա հրաշալի ձևակերպել է հականիկոլական առաջարկը։ Այսօր էլ տեսա Սրբազան Հոր գրությունը, որտեղ միանգամայն ճիշտ կերպով մատնանշել է չարիքի (իմա՝ նիկոլների) թիրախը՝ մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունը։
Արդեն քանի տարի Բագրատ Սրբազանը խոսում է Հոգևոր Հայաստանի գաղափարի մասին։ Ականջալուր եղեք Սրբազան Հոր խոսքին, հարգելի ընդդիմադիրներ։ Հոգևոր Հայաստանը պետք է դառնա ընդդիմության առաջարկը։ Սկզբից պետք է Հոգևոր Հայաստան կառուցել, հետո նոր գործարաններ ու աշխատատեղեր։ Չեմ ասում՝ դրա մասին մի խոսեք։ Բայց շեշտադրումները պետք է ճիշտ արվեն։ Հետևեք Սրբազանի՝ նախկինում ասված և շուտով ասվելիք խոսքին։ Դրանից լավ առաջարկ չկա։ Եվ չի էլ կարող լինել»։