Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հանրային բաց առաջարկ՝ ընդդիմադիր դաշինքներին». Վլադիմիր Մարտիրոսյան

«Հանրային բաց առաջարկ՝ ընդդիմադիր դաշինքներին». Վլադիմիր Մարտիրոսյան
88
Այսօր, 21:18

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային բաց առաջարկ ընդդիմադիր դաշինքներին:
Ընդդիմադիր դաշինքների նախընտրական ցուցակների առաջին տասնյակներում ՀԱԵ հոգևորականների ներգրավումը կլինի քաղաքականապես գրագետ քայլ, ինչը կգտնի բարձր էլեկտորալ արձագանք: Այս առաջարկը ծագում է կոնկրետ քաղաքական իրողությունից: Գործող իշխանությունը իր քաղաքական մեծամասնությամբ, դուրս է եկել աննախադեպ հակադրության, իրավական և հրապարակային հալածանքի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Խոսքը ոչ թե արժեքային տարաձայնությունների, այլ ինստիտուցիոնալ ճնշման, հրապարակային վարկաբեկման, իրավական ճնշման և ՀԱԵ լեգիտիմության նսեմացման մասին է։ ՀԱԷ-ում շատ են հրաշալի, երիտասարդ, լուսավորյալ , բարձր կրթական ու նվիրական դասից, ձիգ և երիտասարդ հոգևորականներ ազգային գերակայությունների բարձր ընկալմամբ: Այս պայմաններում ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների ցուցակների առաջին տասնյակում այլևս սիմվոլիկ ժեստ չէ։ Դա պաշտպանական և հավասարակշռող քաղաքական քայլ է, որն ունի առնվազն 4 հիմնավորում:
1. Ինստիտուցիոնալ հակադրություն, ոչ թե «մարտահրավերների պերմանենտ ընդունում»
Տարիներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունել է մարտահրավերներ՝ հասարակական փոփոխությունների, քննադատությունների տեսքով։ Սակայն ներկայիս իրավիճակը որակապես այլ է։ Առաջին անգամ պետական իշխանությունը համակարգային մակարդակով փորձում է քաղաքականացնել եկեղեցու հեղինակազրկումը, ստեղծել հանրային հակադրություն հոգևոր ինստիտուտի նկատմամբ, վերաձևակերպել ազգային ինքնության հենարանները՝ առանց եկեղեցու։
Սա այլևս «ժամանակի մարտահրավեր» չէ։ Սա իշխանության նախաձեռնած քաղաքական հակադրություն է համազգային ինստիտուտի նկատմամբ։ Եվ եթե իշխանությունը ինստիտուցիոնալ հարձակում է իրականացնում, ապա ընդդիմությունը պարտավոր է ապահովել ինստիտուցիոնալ պաշտպանություն։ Իրավիճակն աննախադեպ է և լուծումները ևս պետք է լինեն հանդուգն և աննախադեպ:
2. ՀԱԵ լեգիտիմության հարցը՝ 70–80% վստահության ֆոնին:
Պարադոքսն ակնհայտ է: Հասարակական վստահության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ինստիտուտներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին 70–80% հանրային վստահելիության, լեգիտիմության ռեսուրսով հայտնվել է քաղաքական աննախադեպ ճնշման թիրախում։
Սա նշանակում է, որ իշխանությունը հակադրվում է ոչ միայն կառույցին, Վեհափառին այլև այդ վստահությունը կրող հասարակական մեծամասնությանը, շեշտում եմ՝ հակադրվում է հանրային մեծամասնությանը, որը մերժում է այդ քաղաքական ծրագիրը: Ընդդիմությունը, եթե ցանկանում է դառնալ համազգային ներկայացուցչական բևեռ, պարտավոր է ինստիտուցիոնալացնել այդ վստահությունը, կապիտալիզացնել հանրային մեծամասնության դիրքավորումը և դա քաղաքականապես կիրառելի դարձնել:
Հոգևորականների ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում նշանակում է այդ դաշինքների համար, որ
1. Եկեղեցու հանրային վստահությունը դառնում է քաղաքական ինստիտուտում ներկայացվածություն ունեցող,
2. Նրանք հանդես են գալիս որպես ազգային ինստիտուտների պաշտպան,
3.Նրանք ձևավորվում են լեգիտիմ հակակշիռ իշխանության հակաեկեղեցական գծին։ Եթե ընդդիմությունը չի անում դա, ապա 70–80% վստահության կապիտալը մնում է քաղաքականապես չներկայացված, չկիրառված, չհաշվառված և երկուստեք այլևս անօգուտ:
3. Պետություն–Եկեղեցի տարանջատում՝ իրավական, ոչ գաղափարական: Հոգևորականի մասնակցությունը կամ առաջադրումը որևէ կերպ չի հակասում հոգևոր- աշխարհիկ անջատ սկզբունքին։
Պետություն–եկեղեցի տարանջատումը վերաբերում է կառավարման ֆունկցիոնալ բաժանմանը, ոչ թե քաղաքացիական իրավունքների, հոգևոր դավանանքի սահմանափակմանը։
Հոգևորականը, որպես ՀՀ քաղաքացի, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք այսինքն այլևս քաղաքական էակ է և քաղաքական սուբյեկտ և ոչ կուսակցական։
Նրա ներգրավումը խորհրդարանում չի նշանակում եկեղեցու կառավարման ներգրավում պետության գործադիր կառավարման մեջ։ Դա նշանակում է աշխարհիկ իշխանության կենտրոնական ինստիտուտում հոգևոր, բարոյական և ազգային արժեքների հիմքի առկայություն ոչ միայն խորհրդանշական, այլ կոնկրետ ինստիտուցիոնալ և ներկայացուցչական ազդեցության մակարդակով։ Դա թույլ կտա ընդդիմությանը հաստատել իրենց քաղաքական օրակարգը՝ հաշվի առնելով ազգի և արժեքների կենսական հիմքերը։
Քաղաքական տեխնոլոգիական տեսանկյունից ևս սա այլևս անհրաժեշտություն է: Դա չի խախտում պետություն-եկեղեցի տարանջատումը, այլ վերականգնում է ՀԱԵ-ի բարոյական և հատկապես Հոգևոր Հայաստանի հենասյուները քաղաքական ինստիտուտում, որտեղ որոշվում է ազգի և պետության ապագան։
4. Քաղաքական հաշվարկ ընդդեմ քաղաքական ճնշման:
Իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը ստեղծել է արժեքային վակուում և հասարակական բևեռացում։ Հոգևորականի ընդգրկումը.
1. ուղերձ է այն մեծամասնությանը, որը չի ընդունում եկեղեցու դեմ պետական ճնշումը,
2.վերականգնում է ընդդիմության արժեքային հենարանը,
3.ձևավորում է քաղաքական հակակշիռ՝ ոչ թե հայտարարությունների, այլ ներկայացվածության մակարդակում։
Սա պաշտպանական քայլ է՝ ինստիտուցիոնալ հակագրոհի տրամաբանությամբ։
Եթե իշխանությունը համակարգային հակադրություն է ընտրել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, ապա ընդդիմությունը չի կարող սահմանափակվել դիտորդի, մեկնաբանողի, քննադատողի դիրքով: ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում։
Դա կլեգիտիմացնի հավաքական ընդդիմությանը և կդիրքավորի նախընտրական դաշինքներին որպես ազգային ինստիտուտների պաշտպաններ: Կինստիտուցիոնալացնի 70–80% վստահության հանրային ռեսուրսը: Կվերականգնի խախտված քաղաքական հավասարակշռությունը։ Այլապես կստեղծվի վտանգավոր իրավիճակ, երբ բարձր վստահությամբ համազգային ինստիտուտը մնում է քաղաքականորեն բացարձակ անպաշտպան, իսկ ընդդիմադիր հանրությունը՝ զրկվում է բնական դաշնակցից։
Սա անհրաժեշտ պատասխան է կոնկրետ իշխանական քաղաքականությանը։ Հոգևորականի ներկայությունը ընտրությունների և քաղաքական որոշումների մակարդակում դառնում է համազգային ուղերձ, որ ընդդիմադիր դաշինքները պատրաստ են պաշտպանել ազգային ինստիտուտները՝ ոչ միայն խոսքով, այլ՝ գործով։
Այս քաղաքական և էլեկտորալ Mast Do-ն այլևս միայն ռազմավարական քայլ չէ, դա համազգային պարտավորություն է, որը վերականգնում է արժեքային և ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, ամրապնդում ազգային ինքնությունը և ցուցադրում նախընտրական ընդդիմադիր դաշինքների բարոյական ու ազգային լեգիտիմությունը։ Հոգևոր ներկայությունը որպես քաղաքական անհրաժեշտություն՝ իշխանության հակաեկեղեցական քաղաքականության պայմաններում ոչ միայն անհրաժեշտություն է այլ քաղ. տեխնոլոգիական և լեգիտիմ քայլ:
Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ԱԺ-ում պարտադիր է օրենքով։ Հոգևոր Հայաստանը պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական պատասխանատվության կենտրոնում։
Սա պետություն-եկեղեցի տարանջատման խախտում չէ։
Սա դրա վերականգնումն է՝ բարոյական, ազգային, հենասյուների հիմքով և գերակայությունների վերադարձ է համաժողովրդական ինստիտուտ։
P.S. ԿԸՀ ցուցակների ներկայացման մեկնարկին մնացել է 65 օր։ Առաջարկը հստակ է: Դարձեք նախաձեռնող , կառուցեք ձեր սեփական մեծամասնությունը: Հենվեք ձեր ընտրազանգվածի ձգտումների և նպատակների վրա, մի գործեք գծային և կանխատեսելի, անցեք ոչ գծային, նախաձեռնող և քաղաքականության։ Հարցումներին հետևելը ռազմավարություն չէ, արժեքահեն օրակարգ ստեղծելն է ռազմավարություն։ Քաղաքական արդյունքը գալիս է այն ժամանակ, երբ դուք ձևավորում եք խաղի կանոնները, ոչ թե միայն արձագանքում դրանց»: