Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Օտարերկրացիները ևս Հայաստանում դարձան «տուգանքի մատերիալ»». Կարեն Հեքիմյան

«Օտարերկրացիները ևս Հայաստանում դարձան «տուգանքի մատերիալ»». Կարեն Հեքիմյան
74
Այսօր, 19:00

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Ոստիկանությունը շահախարդա՞խ է (աֆերիստ):
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ավտոմեքենա է գնում: ՀՀ ներքին գործերի նախարարությունում՝ Հաշվառման-քննական ստորաբաժանումներում, վերջինիս ավտոմեքենան հաշվառում են միայն մեկ դեպքում, այն է՝ օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի ՀՀ-ում գրանցված վարորդական իրավունքի վկայական: Եթե օտարերկրյա քաղաքացին չի ներկայացնում իր կամ այլ անձի ՀՀ-ում գրանցված վարորդական իրավունքի վկայական, ապա վերջինիս՝ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը չի գրանցվում: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացու օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը Հայաստանը չի ճանաչում:
Վերջերս մի դեպք եղավ: Իրավախախտում կատարելու համար օտարերկրյա քաղաքացուն, որի վարորդական իրավունքի վկայականը չի ճանաչվել, տուգանում են: Որոշումն ուղարկում են օտարերկրացու փաստացի հաշվառման հասցեով: Բացի դրանից՝ ըստ որոշման բովանդակության, օտարերկրյա քաղաքացուց երկու տուգանային միավոր են հանում:
Փաստորեն, ոստիկանությունը երկակի ստանդարտներ է կիրառում: Մի կողմից՝ օտարերկրյա քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները չի ճանաչում և, ըստ այդմ, չի գրանցում վերջիններիս սեփականության իրավունք հանդիսացող ավտոմեքենաները, մյուս կողմից՝ նույն օտարերկրացիներին տուգանում է և տուգանային միավորներ հանում:
Անհասկանալի է, չէ՞: Եթե չկա վարորդական իրավունքի վկայական, ապա ի՞նչ «կարմիր լույս», ի՞նչ «ամրագոտի» կամ ի՞նչ «արագություն»: Ամենազավեշտալին՝ եթե չկա վարորդական իրավունքի վկայական, ապա ի՞նչ «տուգանային միավորներ»: Սրանց տրամաբանությամբ՝ տարեկան 13 տուգանային միավորների լրացման դեպքում, ենթադրենք՝ Մոզամբիկի կամ Հնդկաստանի քաղաքացուն կարելի զրկել իր պետության կողմից տրված վարորդական իրավունքի վկայականի՞ց:
Չգիտե՞ն սրանք այս ամենը: Վստահ եմ՝ գիտեն: Սակայն, որոշում են կայացնում և տուգանում: Գժականով: «Կպնի»՝ լավ է, «չկպնի»՝ ի՞նչ արած: «Օդից» գումար ստանալը վատ բան չէ: Մանավանդ՝ օտարերկրյա օդից:
Տխուր է, քանզի օտարերկրացիները ևս Հայաստանում դարձան «տուգանքի մատերիալ»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան