Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ժողովրդավարության անվան տակ կառուցվում է բռնատիրական համակարգ»․ Վահագն Սարոյան

«ժողովրդավարության անվան տակ կառուցվում է բռնատիրական համակարգ»․ Վահագն Սարոյան
92
Երեկ, 23:48

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին տարիներին մեզ անընդհատ փորձում են համոզել, թե ապրում ենք «ժողովրդավարության բաստիոնում», բայց իրականությունը բոլորովին այլ է: Փաստերն ու օրինակները տանում են նրան, որ «ժողովրդավարական բաստիոն» գոչելով նմանվում են բռնատիրական Ադրբեջանին:
Երբ իշխանության ներկայացուցիչը կարող է հրապարակային հնչեցնել «ականջ կտրելու» սպառնալիք ու դրա համար որևէ իրավական հետևանք չկրել, իսկ ընդդիմադիր գործիչները հայտնվում են քրեական հետապնդման տակ՝ հաճախ ձևական, ծիծաղելի մեղադրանքներով, դա այլևս իրավական պետություն չէ։ Դա ընտրովի արդարադատություն է։
Բայց խնդիրը միայն առանձին դեպքերը չեն։ Խնդիրը համակարգային է։
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների կտրուկ աճը, նրանց նկատմամբ ճնշումների մասին պարբերական ահազանգերը, դատարանների վրա քաղաքական ազդեցության մասին խոսակցությունները վաղուց արդեն դարձել են օրակարգային թեմա։ Հիշենք նաև դատարանների «շրջափակման» կոչերը, դատավորների հասցեին հրապարակային նվաստացուցիչ գնահատականները, «վեթինգի» անվան տակ ամբողջ համակարգը քաղաքական վերահսկողության տակ վերցնելու փորձերը։ Ինչ ունենք այսօր արդյունքում, գործադիր իշխանությունը բացահայտ ազդակներ է ուղարկում դատական համակարգին, իր ցանկալի վճիռները կարողանում է ստանալ դատարաններից:
Խոսքի ազատությունը խեղդված է, ճնշված ու կալանավորված։ Երբ մարդուն իր հրապարակային խոսքի համար կալանավորում են, դա արդեն խոսքի ազատության մասին չի խոսում։ Օրինակ՝ «ատելության խոսք» հասկացությունը վերածվել է մահակի իշխանության ձեռքում, որով կարելի է ցանկացածին լռեցնել։ Բայց նույն այդ «ատելության խոսքը», երբ հնչում է իշխանության ներսից կամ նրանց սպասարկող շրջանակներից, հանկարծ դառնում է «թույլատրելի կարծիք»։
Այս ամենից անմասն չեն նաև լրագրողները: Քննադատող լրատվամիջոցները դատական հայցերի տակ են, ֆինանսական ճնշումների տակ են, մշտական թիրախավորման մեջ են։ Սակայն հասարակական հիշողությունը դեռ թարմ է, երբ այսօրվա իշխանավորներից շատերը իրենց շեֆի գլխավորությամբ իրենք էին ընդդիմադիր լրագրողներ և ինչ բառապաշար էին օգտագործում, ինչ կոշտություն էին հաղորդում իրենց տեքստերին և ինչ «թունավոր» խոսք էին օգտագործում: Այն ժամանակ դա «ազատ խոսք» էր, իսկ այսօր «հանցա՞նք»։
Լա՛վ, իսկ աշխարհում այդ ո՞ր մի «ժողովրդավարական բաստիոնում» է սեփական արժեքները տրորվում, բացի Հայաստանից: Միայն Հայաստանում է, որ այսօր թիրախավորվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու եկեղեցականը ինչպես քաղաքական հայտարարությունների, այնպես էլ մեդիա հարձակումների ու շրջիկ խմբերով տարբեր եկեղեցիներ «ուղտագնացության» (ձևակերպումը իշխանական պատգամավորներինն է) մակարդակում։
Եկեղեցականների հասցեին տարածվում է բացահայտ վիրավորական, երբեմն անբարո խոսք, որը մնում է անպատիժ, փոխարենը կալանավորվում են բարձրաստիճան հոգևորականներ, որոնք պաշտպանել են Աստծո տունը հարձակումներից: Իսկ Կաթողիկոսին, Եկեղեցուն ու հեգևորականներին սևացնելու «չուլանացնելու», գործակալական որակելու, վիրավորելու և եկեղեցու դեմ կոչերն ու բամբասանքը այլ երկրներում չդիտվեցին ատելության տարածում:
Այսօրվա իշխանավորների համար քաղաքական պայքարը կարծես «ճակատամարտ» լինի՝ ամեն գնով հասնելու ընդդիմության նկատմամբ խիստ վերահսկողության, որը կարող է դրսևորվել տարատեսակ ճնշումներով ու ձերբակալություններով։ Իշխանության համար քաղաքական դաշտը սեփական անձն ու պաշտոնը վերազանցելու դաշտ է, առանց խոչընդոտների, երբ իշխանավորին կարելի ու թույլատրելի է ամեն ինչ, իսկ իրենցից բացի, մնացածին ճնշել, կալանավորել ու հետապնդել: Քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է, սա բացահայտ ցուցիչ է վերն ասվածի:
Եվ վերջում՝ հասարակական բևեռացման և թունավորման մթնոլորտի մասին։ Երբ քաղաքական հակառակորդը ներկայացվում է որպես «թշնամի», «նախկին», «թալանչի», ձևավորվում է մի միջավայր, որտեղ ցանկացած ճնշում արդեն «արդարացված» է թվում։ Սա դասական մեխանիզմ է՝ նախ դեմոնիզացնել, փչացնել, սևացնել, հետո՝ լռեցնել, ձերբակալել, որ արդարացված լինի։
Արդյունքում ստանում ենք մի երկիր, որտեղ օրենքը նույնը չէ բոլորի համար, որտեղ խոսքի ազատությունը պայմանական է, որտեղ քաղաքական մրցակցությունը խեղված է, և որտեղ «ժողովրդավարության» անվան տակ աստիճանաբար կառուցվում է մի կետից վերահսկվող բռնատիրական համակարգ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան