Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նենգափոխվում է ՀՀ պետականության համար կարևոր հասկացությունը»․ Հակոբ Բադալյան

«Նենգափոխվում է ՀՀ պետականության համար կարևոր հասկացությունը»․ Հակոբ Բադալյան
105
Այսօր, 00:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին, քննարկել են գործակցության հարցեր: ԱՄՆ չեղարկել է մի շարք պատժամիջոցներ, Լուկաշենկոն էլ բաց է թողել բանտարկված ընդդիմադիրների հերթական խմբին:
Այս պրոցեսը արդեն ամիսներ է: Բելառուսը Միութենական պետության մաս է: Բայց, փաստորեն նաև սերտ աշխատում է Նահանգների հետ: Վաշինգթոնը անգամ հրավիրեց Խաղաղության խորհրդին մասնակցելու, Մինսկն էլ՝ ընդունեց հրավերը:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ Միութենական պետության մաս կազմող Բելառուսը այնքան ինքնիշխան է, որ այդպես գործակցում է ԱՄՆ հե՞տ: Իսկ չէ՞ որ հայաստանյան իշխանության և մերձիշխանական քաղաքական ու «փորձագիտական» քարոզչական շրջանակները հայ-ամերիկյան գործակցությունը ներկայացնում են իբրև ինքնիշխանության «բարձրագույն պիլոտաժ»:
Ի՞նչ է ստացվում, ԱՄՆ հետ նույն հաջողությամբ հարաբերվում և պայմանավորվածություններ է ձեռք բերում նաև «ոչ ինքնիշխան» Բելառո՞ւսը: Ընդ որում, պայմանավորվածություններ, որոնք ամենևին չեն ենթադրում Բելառուսի տարածքից՝ 74/26 տոկոսային հարաբերությամբ կառավարման իրավուքի օտարում, տարածքի 99 տարով վարձակալության տրամադրում, ֆրոնտ և բեք օֆիսների «մեխանիկա»:
Ստացվում է կարծես թե բավականին անհարմար մի բան: Կարծես թե ստացվում է, որ «ոչ ինքնիշխան ռսաստրուկը» ավելի բալանսավորված է հարաբերվում ԱՄՆ հետ, քան «ինքնիշխանության ասպետների քաղաքացիական օրդենը»:
Իսկ իրականում պարզապես հերթական անգամ դրսևորվում է, թե ինչ պարզունակ նենգափոխումների է ենթարկվում Հայաստանի հանրային միտքը և պետականության համար կարևոր հասկացությունը, թե ինչն է իրականում «հիբրիդային գրոհների» թիրախ, և ում կատարմամբ:
Հ.Գ. կրկնեմ, Հայաստանի առաջ իբրև թե Միութենական պետության մարտահրավերը կամ պահանջը այլ բան չէ, քան քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը, ներկայանալով իբրև թե դրա պայքարի անխոնջ առաջամարտիկ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան