Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հանձնող-ընդունող հանձնաժողով ձևավորելու հրատապ անհրաժեշտություն է առաջացել»․ Հայկ Դեմոյան

«Հանձնող-ընդունող հանձնաժողով ձևավորելու հրատապ անհրաժեշտություն է առաջացել»․ Հայկ Դեմոյան
99
Այսօր, 17:30

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. ««ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՐԱՉՅԱ ԹԱՇՉՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Թաշչյան,
Սույն գրությամբ ցանկանում եմ հայտնել, որ Ձեզ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո, հրատապ անհրաժեշտություն է առաջացել հանձնող-ընդունող հանձնաժողովի ձևավորումը՝ հաստատության ֆինանսական գործունեությունը և արժեքավոր ֆոնդային միավորների առկայությունը ստուգելու և փաստագրելու կապակցությամբ:
Այսպիսի հանձնաժողովի ստեղծումը հրատապ և հույժ կարևոր է նաև Ձեր աշխատանքային անվտանգության տեսանկյունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՑԹԻ-ում արձանագրվել են մի շարք հանցագործություններ, որոնց կապակցությամբ հարուցված քրեական գործերը կամ կարճվել են, կամ էլ գտնվում են նախաքննության փուլում:
Մասնավորապես, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2005թ. արձանագրված խիստ արժեքավոր գրքերի անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007թ. հուլիսին հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու կարիք կա, քանզի գողոնը տակավին չի հայտնաբերվել: Ես պարբերաբար, այդ թվում պաշտոնական գրությունների տեսքով, հիշատակել եմ, որ ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի հաղորդման համաձայն, այդ գրքերը գողացել են թանգարանի ասպիրանտները: 2005թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել ներկայիս ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ովքեր, իմ ունեցած տվյալներով, հարցաքննվել են հարուցված քրեական գործի շրջանակում: Պետք է պարզել, արդյո՞ք վերջիններս իսկապես ներքաշված են եղել գողություններ կատարելու մեջ և արդյո՞ք այդ հանգամանքը հիմք է հանդիսացել նույն տարում Արարատ Միրզոյանին, հնարավոր է նաև Վլադիմիր Վարդանյանին հավաքագրելու համար:
ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա 2021թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում նախաքննությանը տված իմ ցուցմունքներում փաստերի հիման վրա ներկայացրել եմ ստորև թվարկված հանցագործությունները, որոնք իրականացվել են բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՑԹԻ որոշ աշխատակիցների և ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից.
• Նախաքննությանը կեղծ տվյալների տրամադրում և դրա հիման վրա քրեական գործի հարուցում: Այս դրվագով մեղադրվողը Հարություն Մարությանն է: Պետք է վստահ լինենք, որ ներկայացված իբր հափշտակված թանգարանային միավորների ցանկը, որի վրա առկա է իմ գրավոր ցուցմունքը, չի ոչնչացվել գործը քննող ավագ քննիչ Լուսինե Հայկյանի կողմից և այն կցված է իմ ցուցմունքներին:
• 2014-2015թ. փողերի լվացման գործողություն՝ ՀՑԹԻ անվան տակ: Նախաքննությանը տրամադրել եմ կոնկրետ փաստեր, հիշատակել եմ նաև այս դրվագով ԱՄՆ դեսպանատանն իրազեկելու մասին:
• 2018թ. մայիսի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամին կցված հաշվեհամարի փակում, գումարների յուրացում և իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում: Մեղադրել եմ նախկին ԿԳՄՍ նախարարներ Արայիկ Հարությունյանին, Ժաննա Անդրեսյանին, ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին և ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանին՝ հանցավոր համաձայնության արդյունքում այս դրվագները կոծկելու, ինչպես նաև իմ հասանելիք աշխատավարձը մեկ տարի չորս ամիս չվճարելու և անօրինական ձևով շրջանառելու դրվագներով:
• 2017- 2018թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժումների արդյունքում հաստատությանը և ինձ նյութական վնաս հասցնելու դրվագներով մեղադրել եմ ՀՑԹԻ աշխատակից Սուրեն Մանուկյանին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Սուրեն Մանուկյանի դրվագով առկա են այդ փաստը արձանագրող տեսագրություններ, որոնք հանրայնացվել են:
• Թանգարանային կարևոր արժեքներից մեկը ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ Ռայմոնդ Գևորգյանի կողմից յուրացնելու դրվագով նույնպես կա մեղադրանք: Ոչ ՀՑԹԻ տնօրենները, ոչ ԿԳՄՍ նախարարները, որևէ իրավական գործընթաց չեն սկսել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
• Կոռուպցիոն մի շարք գործողությունների կապակցությամբ մեղադրանքներ եմ ներկայացրել նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների դեմ:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ այսպիսի “ժառանգությունն” առանց պատշաճ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին հայտնաբերելուն ու պատժելուն ուղղված ջանքերի գործադրման, անհնար կլինի լիարժեք աշխատանքային գործընթացի կազմակերպումն ու Ձեր անձը հանցագործություններ կոծկողի մեղադրանքից զերծ պահելը:
Առաջարկում եմ ինձ և հանրային մի շարք գործիչների, ովքեր նպաստել են ՀՑԹԻ գործունեությանը, այդ թվում գիտական ֆոնդերի համալրման գործին, ներառել այդ հանձնաժողովի կազմում:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ պատրաստ եմ աջակցել հանձնաժողովի աշխատանքներին հնարավոր բոլոր միջոցներով՝ այդ թվում դրա արդյունքները պատշաճ կերպով հանրայնացնելու եղանակով:
Պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ՝ սույն առաջարկը քննարկելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան