Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Երբ մեղադրում են Արցախի հանձնման հարցում անմիջական մասնակցության մեջ, ափերից դուրս է գալիս»․ Արմեն Հովասափյան

«Երբ մեղադրում են Արցախի հանձնման հարցում անմիջական մասնակցության մեջ, ափերից դուրս է գալիս»․ Արմեն Հովասափյան
94
Այսօր, 13:30

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել իր քարոզարշավների ընթացքում մշտապես ապահովել որոշակի ինտրիգ ու սրություն՝ մարդկանց վրա մուննաթ գալով և տարբեր թեմաների շուրջ հրամայական տոնով հակադարձելով։ Այս հարցում ամենաինտրիգային ու հանրությանը հունից հանող թեման, իհարկե, Արցախի հանձնման վերաբերյալ թեզն է, երբ տարբեր քաղաքացիներ նրան մեղադրում են այդ հարցում ունեցած անմիջական մասնակցության և ոչինչ չձեռնարկելու համար՝ հնչեցնելով կոնկրետ մեղադրանքներ։
Բնականաբար, քանի որ թեման գերզգայուն է, Փաշինյանը միանգամից ափերից դուրս է գալիս և անկառավարելի, որոտընդոստ բառապաշարով սկսում պատասխանել քաղաքացիներին՝ իր կարծիքով ներկայացնելով «փաստական ու հիմնավոր» հակադարձումներ։
Փորձենք հասկանալ, թե հատկապես ինչ թեզ է առաջին հերթին առաջ քաշում Փաշինյանը։ Իր խոսքում նա հազարավոր անգամներ շեշտում է, որ իրենց համար հայտնի քարտեզը Հայաստանի անկախացման պահին՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու ժամանակ գոյություն ունեցած՝ միջազգայինորեն ճանաչված ՀՀ քարտեզն է, և որպես օրինական հիմք ներկայացնում է հենց այդ սահմաններով ԽՍՀՄ-ից անկախանալու փաստը՝ հղում անելով հայտնի Ալմա-Աթայի հռչակագրին։
Սակայն այստեղ կա առանցքային հանգամանք, որի մասին իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն լռում է։ Բանն այն է, որ նույն Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ, երբ Ադրբեջանը անկախանում էր, Արցախը՝ տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, փաստացի Ադրբեջանի կազմում չէր գտնվում, քանի որ ԼՂԻՄ-ը, որպես ինքնավար միավոր, հավասարապես օգտվել էր ԽՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված ինքնորոշման մեխանիզմներից՝ ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը։
Այսինքն՝ այստեղ առաջ է գալիս մի քաղաքական ու իրավական հակասություն, որի շուրջ Փաշինյանի հնչեցրած թեզերը մշտապես շրջանցում են հիմնական փաստական շերտը։ Եվ որքան էլ նա հոխորտա, բարձր տոնով խոսի կամ փորձի թեման տեղափոխել զգայական ու մանիպուլյատիվ դաշտ, խնդրի էությունը դրանից չի փոխվում․ այդ փաստարկը շարունակում է մնալ նրա քաղաքական հռետորաբանության ամենախոցելի կետերից մեկը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան