Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Վենսն անհամաձայնություն է հայտնել Վատիկանի դիրքորոշմանը»․ Հակոբ Բադալյան

«Վենսն անհամաձայնություն է հայտնել Վատիկանի դիրքորոշմանը»․ Հակոբ Բադալյան
41
Այսօր, 03:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Շատ հետաքրքիր հայտարարություն է անում ԱՄՆ փոխնախագահ Վենսը: Նա խոսել է Վատիկանի՝ միգրացիային վերաբերող դիրքորոշման մասին, նկատելով, որ համաձայն չէ դրա հետ եւ կողմնակից չէ զանգվածային միգրացիայի խրախուսմանը:

Ի՞նչն է այստեղ առավել հետաքրքիրը: Վենսը խոսում է այսպես ասած՝ առաջին դեմքով. «Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամանք չենք ցուցաբերում այս հարցում։ Ես նրանց կոչ եմ անում երկխոսության, բայց հիշեցնում եմ, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները»:

Ես: Ահա սա հետաքրքիր է, եւ բարձրաձայն կամ համատեքստում նշանակում է արձանագրում, որ Վենսն է Թրամփի վարչակազմում, այսպես ասած, կապը Վատիկանի հետ: Իհարկե դա զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վենսը կաթոլիկ է, ընդ որում՝ կարծես թե վարչակազմի շրջանակում միակ նշանային կաթոլիկը: Թրամփի վարչակազմում՝ լայն իմաստով, գերակշռում են, այսպես ասած, քրիստոնյա սիոնիստները:

Այդ համատեքստում, Վենսի բարձրաձայնումը խորքում կարծես թե ունի հետեւյալ տրամաբանությունը, որ, եթե Վատիկանն ուզում է, որպեսզի հեռանկարային լինի կաթոլիկ Վենսի քաղաքական ճակատագիրը՝ 2028 թվականի նախագահի ընտրությանը հանրապետականների գլխավոր թեկնածու դառնալու հարցում, պետք է իր դիրքորոշումների եւ մոտեցումների առումով մրցունակ լինի քրիստոնյա սիոնիստների հետ, այլապես՝ տանուլ կտան նրանց:

Իսկ նրանց թեկնածուն, կարծես թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Այստեղ կարող է լինել, իհարկե, որոշակի պարադոսք, որովհետեւ կուբացի Ռուբիոն կաթոլիկ է, իսկ վերջերս էլ գնացել էր Հռոմի Պապին հյուր: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Վատիկանը Ռուբիոյին, թերեւս, չի ընդունում յուրային եւ չի համարում վստահելի: Իսկ դրա պատճառը կարող է լինել ոչ միայն նրա սերտ կապերը հրեականության հետ, այլ նաեւ կրոնական «դեգերումներ»: Իր կենսագրության ընթացքում, կաթոլիկ Ռուբիոն երկու անգամ հեռացել է կաթոլիկ եկեղեցուց, մի անգամ գնացել դեպի մորմոններ, իսկ մյուս անգամ՝ բապտիստներ: Հետո իհարկե վերադարձել է կաթոլիկության, բայց անկասկած հիմնավոր հարց կա՝ վերադարձել է, որ ի՞նչ անի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան