Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան

«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան
48
Այսօր, 11:30

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է շատ հստակ արձանագրել, որ այս Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության խնդիրը պարզապես իրավական կամ ընթացակարգային հարց չէ։ Այն ունի ակնհայտ քաղաքական հիմք։ ՍԴ գործող կազմը ձևավորվել է գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Ավելին՝ տարբեր առիթներով այս դատարանն արդեն ցուցադրել է իշխանության համար քաղաքականապես հարմար որոշումներ կայացնելու բավական բարձր պատրաստակամություն։
Հետևաբար, որևէ միամիտ սպասում ունենալ, թե ՍԴ-ն այս գործով կգործի լիովին անկախ, քաղաքական կոնտեքստից կտրված և բացառապես իրավական տրամաբանությամբ, առնվազն անիրատեսական է։
Բայց հենց այստեղ է առաջանում երկրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքը։
Չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, չեղյալ ճանաչի այս ընտրությունների արդյունքները և ճանապարհ բացի նոր ընտրությունների համար։ Սակայն այդ դեպքում էլ դա չպետք է ընկալել որպես ՍԴ-ի անկախության հանկարծակի զարթոնք։ Ակնհայտորեն նման որոշումը կնշանակի մեկ բան՝ այդ սցենարը տվյալ պահին բխում է հենց գործող իշխանության քաղաքական հաշվարկից։
Նոր ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար կարող են լինել ոչ թե պարտություն, այլ հերթական քաղաքական վերադասավորման հնարավորություն՝ փորձելու ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել այս ընտրությունների շուրջ ձևավորված լեգիտիմության ծանր բեռից և վերակառուցել քաղաքական դաշտն իրեն առավել հարմար պայմաններում։
Այդ պատճառով առաջիկա օրերին բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են դուրս գալ սպասողական հոգեբանությունից։
Մինչև հուլիսի 4-ը պետք է սեղանին դրվեն Սահմանադրական դատարանի որոշման բոլոր հնարավոր սցենարները՝ մերժում, մասնակի լուծում, ընտրությունների արդյունքների չեղարկում, նոր ընտրություններ, քաղաքական ճգնաժամի խորացում։ Յուրաքանչյուր սցենարի համար պետք է լինի հստակ օրակարգ, հստակ գործողությունների տրամաբանություն և հանրության հետ ազնիվ խոսելու պատրաստակամություն։
Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ։ Դա, ըստ էության, լինելու է ոչ թե դատական գործընթացի ավարտ, այլ նոր՝ շատ ավելի բարդ, լարված և իրադարձություններով հագեցած փուլի սկիզբ։
Այստեղ այլևս անակնկալի գալու իրավունք չկա։ Ով մինչև հուլիսի 4-ը չի պատրաստվում բոլոր սցենարներին, հուլիսի 4-ից հետո կարող է հայտնվել լուսանցքում։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը պետք է անել սառը գլխով, պետական պատասխանատվությամբ և առանց որևէ պատրանքի»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան