Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Պետք է TRIPP-ին նայել որպես աշխարհաքաղաքական գործիք»․ Արմեն Հովասափյան

«Պետք է TRIPP-ին նայել որպես աշխարհաքաղաքական գործիք»․ Արմեն Հովասափյան
33
Այսօր, 12:54

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստացի անցել է մեկ տարուց ավելի ժամանակ ու TRIPP-ի հետ կապված «գետնի վրա» մենք դեռ չունենք այն, ինչ սովորաբար ունենում է իրական լոգիստիկ նախագիծ՝ շինարարություն, ենթակառուցվածք, հստակ երթուղի, տեխնիկական լուծումներ։ Փոխարենը ունենք փաստաթղթեր, հայտարարություններ, նոր ձևաչափեր ու PR։ Այսինքն՝ նախագծի քաղաքական կյանքը վաղուց սկսվել է, իսկ ֆիզիկական առումով զրոյական վիճակ։
Այստեղ, կարծում եմ, պետք է TRIPP-ին նայել ավելի լայն առումով՝ ոչ թե որպես հերթական երկաթուղային կամ տրանսպորտային նախագիծ, այլ որպես աշխարհաքաղաքական գործիք։
Դրա առաջնային գերնպատակներից մեկը Ռուսաստանի՝ տարածաշրջանի հաղորդակցային ու լոգիստիկ համակարգից դուրս մղումն է։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե վերջին տասնամյակների, այլ ավելի քան մեկդարյա ներկայության մասին է։ 1899 թվականի երկաթուղուց սկսած՝ այստեղ ձևավորվել է հաղորդակցային համակարգ, որը տարբեր քաղաքական ժամանակաշրջաններում շարունակել է կապել տարածաշրջանը ռուսական տնտեսական ու ռազմավարական տարածքի հետ։
Մյուս կողմում թյուրքական աշխարհի երկարամյա ռազմավարական նպատակն է՝ Թուրքիայի, Նախիջևանի (ոչ թե Նախճիվանի), Ադրբեջանի և հետագայում Կենտրոնական Ասիայի միջև անընդհատ ցամաքային կապի ստեղծումը։ Այս գաղափարը նոր չէ և վերջին տարիների քաղաքական իրավիճակից չի ծնվել։ Նոր է միայն այն հնարավորությունը, որ այսօր փորձում են դրա համար ստեղծել։
Եվ հենց այստեղ է Սյունիքի նշանակությունը։ Սյունիքը այդ ամբողջ համակարգի աշխարհագրական հանգույցն է։ Դրա համար էլ անհասկանալի է Փաշինյանի այն պնդումը, թե Սյունիքի շուրջ հայկական մտահոգությունները որևէ «կայսերական շահի» սպասարկում են։ Նժդեհի համար Սյունիքի հարցը կայսրությունների միջև ընտրության հարց չէր։ Նրա հայտնի ձևակերպումը՝ «եթե կորցնենք Սյունիքն ու Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը», հենց այդ տարածքի պետական-ռազմավարական նշանակության մասին էր։
Այսօր աշխարհագրությունը չի փոխվել՝ ընդամենը խաղացողներն են այլ ու նրանց գործիքները։
TRIPP-ում առանձնահատուկ է նաև Իրանի գործոնը։ Իրանը չի կարող անտարբեր լինել Հայաստանի հարավով ձևավորվող որևէ նոր հաղորդակցային համակարգի նկատմամբ։ Նույն կերպ Ռուսաստանն ու Թուրքիան այստեղ ունեն իրենց հաշվարկները։ Այսինքն՝ TRIPP-ը մի նախագծի մեջ հավաքում է տարածաշրջանի գրեթե բոլոր խոշոր դերակատարների շահերը, և յուրաքանչյուրն այն դիտարկում է իր ավելի լայն ռազմավարության համատեքստում։
Նիկոլը փաստացի Հայաստանը մտցրել է մի աշխարհաքաղաքական գործընթացի մեջ, որտեղ բոլոր հիմնական կողմերն օպերատիվ կերպով գալիս են իրենց պատրաստի օրակարգով։ ԱՄՆ-ը՝ տարածաշրջանային ներկայության և հաղորդակցությունների նոր համակարգի ձևավորման, Ռուսաստանը՝ իր դիրքերի պահպանման, Թուրքիան ու Ադրբեջանը՝ թյուրքական աշխարհի կապը Հայաստանի հարավով ապահովելու, Իրանը՝ իր սահմանների ու տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկելիությունը պահպանելու հաշվարկով։
Հայաստանի համար այդ գործընթացի մեջ պետք է լիներ մեկ պարզ առաջնահերթություն՝ սեփական շահը։ Բայց դրա փոխարեն մենք ստացել ենք մի իրավիճակ, որտեղ Հայաստանը հայտնվել է ուրիշների ռազմավարական հաշվարկների հատման կետում։
Ուստի TRIPP-ի հարցը ճանապարհի կառուցվել-չկառուցվելը չէ։ Իսկ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունն այն է, որ Հայաստանը մտցրել է մի աշխարհաքաղաքական գործընթացի մեջ, որտեղ Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանի հաղորդակցային համակարգից, իսկ թյուրքական աշխարհը փորձում է Սյունիքով ստանալ իր վաղուց ձգտած ցամաքային կապը։ Ալիևենց պետք էր մի թուղթ, որի վրա գրված կլիներ «Թրամփ» բառը՝ ուրիշ ոչինչ: Այս գործընթացների հատման կետում Հայաստանը ոչ թե իր օրակարգն է թելադրում, այլ իր տարածքով ուրիշների օրակարգերի իրականացման հնարավորություն է ստեղծում։
Հարցը շատ պարզ է՝ ինչի՞ համար է Հայաստանը տվել իր համաձայնությունը, և ի՞նչ է ստացել դրա դիմաց՝ փաստացի դառնալով «հաշմանդամ»։
Հ.գ. Մեծ հաշվով աշխարհաքաղաքականությունը բավականին հետաքրքիր երևույթ է և շատ անկանխատեսելի. ուստի միանշանակ ու կատեգորիկ դժվար է ասել, թե Մոսկվա-Վաշինգթոն սկսված ակտիվ բանակցությունների արդյունքում երկու խոշոր գերտերություններն ինչ պայմանավորվածություներ ու առևտուր կանեն տարբեր տարածաշջանների իրենց առաջնահերթությունների հետ կապված»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան