«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի փակուղին քարոզչությամբ չի վերանում, իսկ շատ իշխանություն ունենալն էլ փակուղուց ելքեր չի ստեղծում:
Քաղաքականությունն ունի իր լեզուն, իսկ քաղաքագիտությունը՝ այն կարդալու իր տրամաբանությունը։ Քաղաքականություն կարդալը նշանակում է տեսնել ոչ միայն ցուցադրվող ուժը, այլև դրա սահմանները, դրա գինը, պատճառներն ու հնարավոր հետևանքները։ Հաճախ Փաշինյանի շուրջ ձևավորված քաղաքական ընկալումն ավելի PR-ված ու ուռճացված է, քան նրա իրական հնարավորությունները։ Ուստի առաջարկում եմ նրա այսօրվա վիճակը կարդալ ոչ միայն նրանով, թե որքան իշխանություն ունի, այլև՝ այդ իշխանությամբ իրականում քանի ելք ունի։
Փաշինյանը կարող է ավելի ուժեղ սեղմել ներհայաստանյան զսպանակը և ավելի խորանալ այն փակուղու մեջ, որն ինքն է ստեղծել։ Նախորդ հոդվածում ցույց էի տալիս, թե ինչպես է արտաքին հարմարվողականությունը վերածվում ներքին հնազանդության պահանջի։ Հիմա անհրաժեշտ է արձանագրել հաջորդը․ ավելի ավտորիտար կառավարումը չի լուծելու այն խնդիրները, որոնց պատճառով դրա կարիքն առաջանում է։ Այն կարող է սահմանափակել հակազդեցությունը, բայց չի վերացնելու դրա պատճառները։ Կարող է երկարացնել իշխանության կյանքը՝ միաժամանակ մեծացնելով դրա պահպանման գինը։
ՔՊ-ի քարոզչությունը շրջանցում է հենց այս հարցը՝ ինչպե՞ս է Փաշինյանը շարունակելու իր քաղաքականությունը՝ չքայքայելով այն իրականացնելու համար անհրաժեշտ հիմքերը։ Կարելի է ամեն օր կրկնել, որ իշխանությունն ամուր է, ընդդիմությունը՝ թույլ, իսկ ընտրված ճանապարհը՝ անփոխարինելի։ Բայց այդ խոսքից արտաքին պահանջները չեն վերանում, տնտեսական հնարավորություններն ու անվտանգային երաշխիքները չեն ավելանում, հասարակական համաձայնությունն էլ ինքնաբերաբար չի առաջանում։ Փակուղին իշխանության պակասի մեջ չէ։ Փակուղին քաղաքականության աճող գնի և այդ գինը վճարելու սահմանափակ հնարավորությունների մեջ է։
Ընտրական հաղթանակն այս հակասությունը չի փակել։ Ընդհակառակը՝ պատասխանատվությունն ամբողջությամբ վերադարձրել է Փաշինյանին։ Մանդատը ստացել է, իշխանությունը պահել է, հիմա պետք է ներկայացնի արդյունքը։ Այլևս դժվար է սեփական քաղաքականության չլուծված խնդիրները բացատրել իրենից չկախված կամ իր քաղաքականությամբ չպայմանավորված հանգամանքներով։ Իսկ հասարակությանը հերթական անգամ սխալ մտածելու մեջ մեղադրելը պատասխանատվության տեղափոխում է։ Եթե ընտրությունների արդյունքով հաստատված է համարում իր քաղաքականությունը, ապա դրա հետևանքներն էլ պետք է ընդունի որպես սեփական պատասխանատվություն։ Չի կարելի հաղթանակը սեփականաշնորհել, իսկ ձախողման գինը՝ հանրայնացնել։
Բաքուն շարունակում է Փաշինյանի հիմնական քաղաքական կապիտալը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Խաղաղության մասին հայտարարություններն այդ նախապայմանը չեն վերացրել։ Հակասությունն ավելի տեսանելի է հենց Փաշինյանի ներկայացրած պատկերի պատճառով․ մարտին Եվրախորհրդարանում նա խոսում էր հաստատված խաղաղության մասին, իսկ սեպտեմբերին Բաքուն պայմանագրի ստորագրումը շարունակում է կապել Հայաստանի ներքին փոփոխության հետ։ Ստացվում է՝ հանրությանը ներկայացվում է ձեռքբերված արդյունք, որի վերջնական ամրագրման համար մյուս կողմը շարունակում է նոր գին պահանջել։ Եթե գլխավոր խնդիրը լուծված է, ինչո՞ւ է հասարակությունից կրկին փոփոխություն պահանջվում։ Որքան ավարտուն է ներկայացվում հաջողությունը, այնքան դժվար է հիմնավորել դրա համար պահանջվող հաջորդ վճարումը։
Մոսկվայի հետ հակասությունն էլ բաց է։ Ռուսաստանը պահանջում է արագ հստակեցնել ուղղությունը, իսկ Փաշինյանն ընդունում է՝ ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համակարգին այլընտրանք դեռ ստեղծված չէ։ Քաղաքական որոշման պահանջն առաջ է անցել այդ որոշումն ապահովելու հնարավորություններից։ Արագ քայլը կարող է ծախս առաջացնել, իսկ հետաձգումը պահպանում է կախվածությունը գործող համակարգից։ Փաշինյանը պետք է ցույց տա՝ ինչով է փոխարինելու այն, ինչ պատրաստվում է վերանայել, և ով է վճարելու անցման համար։ Շուկան, էներգամատակարարումը, տրանսպորտային կապերն ու անվտանգության բաղադրիչները պահանջում են առանձին, աշխատող լուծումներ։ Դրանք չեն ստեղծվում ո՛չ հակառուսական հռետորաբանության ուժգնացմամբ, ո՛չ վարչական ապարատի հնազանդությամբ։
Եվրոպական ուղղությամբ նույնպես սեփական ժողովրդավարական խոստումները պարտավորություններ են ստեղծում։ ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 28-ի գնահատականում արձանագրված են վարչական ռեսուրսի չարաշահման, կողմնակալ լուսաբանման և արդյունավետ իրավական պաշտպանության խնդիրներ։ ԵՄ-ն էլ Հայաստանի համար նախատեսվող առևտրային արտոնությունները կապել է ժողովրդավարական սկզբունքների ու մարդու իրավունքների պահպանման հետ։ Սա ինքնին աջակցության դադարեցում չէ։ Բայց հակասությունը տեսանելի է․ եթե ներսում քաղաքական ընթացքը պահպանելու համար սահմանափակվում են ժողովրդավարական մեխանիզմները, կարող է խոցվել նաև այն արտաքին քաղաքական կապիտալը, որի մի մասը կառուցված է հենց ժողովրդավարական հանձնառությունների վրա։
Ահա փակուղին՝ առանց քարոզչական փաթեթավորման։ Փաշինյանը կարող է շարունակել նույն քաղաքականությունը՝ հասարակությունից ավելի մեծ գին պահանջելով։ Կարող է վերանայել այն՝ ընդունելով սեփական հաշվարկների սահմանները և ստանձնելով պատասխանատվությունը։ Կամ կարող է հետաձգել որոշումները՝ պահպանելով կախվածություններն ու անորոշությունը։ Բայց նույն քաղաքականությունը նույն խոստումներով շարունակելու անվճար ճանապարհ այլևս չկա։ Ժամանակ շահելն էլ անվճար չէ․ խոստացած արդյունքն ուշանում է, արտաքին պահանջները մնում են, իսկ ներսում նոր համբերություն ու նոր համաձայնություն է պահանջվում։
Այստեղ է պետք տարբերել երեք բան՝ իշխանությունը, լեգիտիմությունը և կարողությունը։ Ընտրությունները Փաշինյանին տվել են կառավարելու մանդատ։ Բայց մանդատը յուրաքանչյուր հաջորդ որոշման նկատմամբ նախապես տրված հանրային համաձայնություն չէ, ինչպես նաև ինքնին չի ստեղծում այդ որոշումն իրականացնելու համար բացակայող միջոցները։ Կարելի է ունենալ մեծամասնություն, վարչական ապարատ և որոշումներ պարտադրելու լծակներ, բայց ունենալ դրանց իրականացման համար նվազող հանրային հենարան։ Ուժը և լեգիտիմությունը նույնը չեն։
Սեպտեմբերի 17-ի հայտարարությամբ Փաշինյանը փորձեց անցնել հենց այդ սահմանը։ Ընտրությունների արդյունքներով հիմնավորեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսության գերակայությունը և պահանջեց, որ դպրոցներում դրան հակասող խոսք չհնչի, իսկ կառավարությունը համապատասխան գործողություններ իրականացնի։ Նույն ելույթում հանրային խոսքի ու մտածողության հարցը կապեց հարևանների վերաբերմունքի և իր նկարագրած անվտանգության համակարգի կենսունակության հետ։ Այստեղ քաղաքական խնդիրը փոխում է իր բնույթը․ արտաքին ընթացքի չլուծված հակասությունները տեղափոխվում են հասարակության մտածողության դաշտ։ Քաղաքականությունը չի հարմարեցվում հասարակությանը․ հասարակությունից է պահանջվում հարմարվել քաղաքականությանը։
Կարմիր գծերի հատումն այստեղ հաջորդական է․ ընտրական հաղթանակից բխեցվում է գաղափարական գերակայություն, դրան պետք է համապատասխանեցվի հասարակությունը նույնիսկ դպրոցը, իսկ հակառակ խոսքը կապվում է անվտանգության խնդրի հետ։ Իշխանությունը սեփական քաղաքականության արդյունավետությունն ապացուցելու փոխարեն վտանգում է մտնել մի տարածք, որտեղ արդեն քննարկվում է դրա դեմ խոսելու թույլատրելիությունը։ Այդտեղ է ուժի և լեգիտիմության տարբերությունը դառնում սկզբունքային։ Որքան հանրային համաձայնության պակասը լրացվում է պարտադրանքով, այնքան պարտադրանքի անհրաժեշտությունն ինքն է վկայում համաձայնության պակասի մասին։
Փաշինյանը ստացել է կառավարելու մանդատ, ոչ թե հասարակության գիտակցությունը, արժեքներն ու պատմական հիշողությունը տնօրինելու իրավունք։ Ընտրությունների արդյունքը չի ապացուցում նման վերափոխման համար համազգային համաձայնության գոյությունը։ Նույնիսկ իրեն տրված քվեն նման համաձայնություն չէ։ Մարդը կարող էր քվեարկել խաղաղության օգտին և մերժել կոնկրետ զիջումը։ Կարող էր ընտրել Փաշինյանին և չընդունել դպրոցում նրա գաղափարախոսության պարտադրանքը։ Քաղաքացին իր քվեով չի հրաժարվում հաջորդ որոշումը քննադատելու կամ մերժելու իրավունքից։
Այստեղ է նաև բարոյական խզումը։ Որոշումն ընդունում է կառավարությունը, բայց դրա հետևանքներից դժգոհ քաղաքացուն բացատրվում է, որ խնդիրը նրա մտածողության մեջ է։ Մարդը հարցնում է՝ ի՞նչ ստացանք, ի՞նչ կորցրինք, ի՞նչ է լինելու հետո։ Պատասխանի փոխարեն քննարկման առարկա են դառնում նրա հիշողությունը, ինքնությունը, անցյալը կամ խաղաղասիրությունը։ Քաղաքականության արդյունքը չի ապացուցվում դրա գինը հարցնող մարդուն խնդրի մաս դարձնելով։
Քարոզչությունը կարող է շփոթեցնել, բաժանել մարդկանց և պահպանել իշխանության ամրության պատկերը։ Բայց քարոզչության արդյունավետությունը քաղաքականության արդյունավետության ապացույց չէ։ Բաքվի նախապայմանը պահպանվո՞ւմ է։ Անհրաժեշտ տնտեսական և անվտանգային այլընտրանքները ստեղծվա՞ծ են։ Հաջորդ որոշման համար հասարակությունից ի՞նչ նոր գին է պահանջվելու։ Այս հարցերը չեն վերանում խոսքի կոշտացումից։ Իմ գնահատմամբ՝ համոզելուց պարտադրելու անցումը ցույց է տալիս, որ իշխանությունը նախկին բացատրություններն այլևս բավարար չի համարում։ Արդյունքը հիմնավորելու դժվարությունը փորձ է արվում փոխհատուցել առարկելու տարածքը նեղացնելով։
Ավտորիտար կառավարումը կարող է պահպանել իշխանությունը։ Այդ հնարավորությունը թերագնահատելը քաղաքական միամտություն կլինի։ Բայց հանրային համաձայնության պակասը մշտապես վերահսկողությամբ լրացնելն ինքն էլ ռեսուրս է պահանջում։ Ապարատի վրա մեծանում է բեռը, իսկ յուրաքանչյուր հաջորդ վիճահարույց որոշման իրականացումը պահանջում է ավելի շատ միջամտություն։ Վարչական հնազանդությունը հանրային վստահության անսպառ փոխարինիչ չէ։ Որքան մեծանում է ճնշումը հասարակության, հատկապես իշխանության ընդդիմախոս հատվածների վրա, այնքան ավելի տեսանելի է դառնում մանդատի և քաղաքական լեգիտիմության միջև հնարավոր ճեղքը․ ընտրական մանդատը կարող է պահպանվել, մինչդեռ կոնկրետ քաղաքականությունը հանրային համաձայնությամբ իրականացնելու հենարանը՝ նեղանալ։ Այդ բացը պարտադրանքով լրացնելը կարող է ժամանակ շահել, բայց ինքնին չի վերականգնում համաձայնությունը։
Հենց այստեղից էլ առաջանում է իշխանության համար քաղաքական ռիսկը։ Որոշումների գինն աճում է, խոստումների նկատմամբ վստահությունը կարող է նվազել, իսկ տարբեր պատճառներով դժգոհ խմբերը՝ նույն իշխանությունից պատասխան պահանջել։ Կրիտիկական կարող է դառնալ այն պահը, երբ հերթական քայլն իրականացնելու համար անհրաժեշտ հանրային աջակցության կարիքն ավելի մեծ լինի, քան իշխանության տրամադրության տակ մնացած վստահությունը։ Եթե դժգոհությունը կազմակերպվում է և ստանում վստահելի քաղաքական ներկայացուցչություն, վարչական վերահսկողության արդյունավետությունն էլ կարող է սահմանափակվել։ Դա ինքնաբերաբար տեղի չի ունենում, և ընտրական հաղթանակն ինքնին չի պատասխանում այդ հարցին։
Այստեղ ընդդիմության պատասխանատվությունն էլ պետք է ուղիղ ձևակերպել։ Փաշինյանի փակուղին ինքնաբերաբար ընդդիմության ձեռքբերումը չէ։ Հերթական եվրոպական գնահատականը «ապտակ» անվանելը, իշխանության մոտալուտ ավարտը վստահ կանխատեսելը կամ հանրային դժգոհությունը սեփական օգտին պատրաստի քվե համարելը քաղաքական աշխատանքին չի փոխարինում։ Քաղաքացին պարտավոր չէ ընդդիմությանը իշխանություն տալ միայն այն պատճառով, որ այլևս չի վստահում իշխանությանը։ Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ կարող է կազմակերպել հանրային պահանջը և պատասխանատվություն ստանձնել առաջարկվող այլընտրանքի համար։ Սա էլ ընդդիմության մոլորություններից մեկն է։
Գործնական տրամաբանությունը հստակ է։ Յուրաքանչյուր վիճահարույց որոշման դիմաց՝ հրապարակված այլընտրանք և կասեցման կամ վերանայման կոնկրետ պահանջ։ Յուրաքանչյուր պահանջի համար՝ պատասխանատու թիմ և հաջորդ քայլ։ Խորհրդարանական հարցումը, իրավական վիճարկումը, հրապարակային քննարկումը, տեղերում աշխատանքն ու խաղաղ հավաքը պետք է ծառայեն նույն քաղաքական նպատակին։ Հանրությունը պետք է տեսնի՝ ինչ պատասխան ստացվեց, ինչ բացահայտվեց, ինչ մերժվեց և ինչ է հաջորդելու։ Գրասենյակից հայտարարություն տարածելով կամ հերթական ռիլը նկարելով մարդկանց քաղաքական մասնակցություն չես կազմակերպում։
Ընդդիմությունը պետք է հաղթահարի նաև հասարակության նկատմամբ վերադաս վերաբերմունքը։ Մարդիկ կուսակցական միջոցառման մասնակիցների թիվ չեն։ Նրանք պետք է կարողանան հարց ձևակերպել, առաջարկ ներկայացնել, նախաձեռնություն ստանձնել և վերահսկել նաև իրենց անունից խոսող ընդդիմությանը։ Հասարակական ինքնուրույնությունը քաղաքական ուժի աղբյուր է։ Այն սեփական կառույցի վերահսկողության տակ պահելու մոլուցքը փոքրացնում է պայքարը։ Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել երկրի կառավարման համոզիչ առաջարկ՝ տնտեսական ու անվտանգային հաշվարկներով, բանակցային մոտեցումներով և պատասխանատվություն ստանձնող մարդկանցով։ Առանց դրա կարելի է տարիներ շարունակ ճիշտ նկարագրել փակուղին և այդպես էլ չդառնալ դրանից դուրս գալու քաղաքական հնարավորություն։
Հասարակությունն այս գործընթացում դիտորդ չէ։ Քաղաքացին իրավունք ունի վերանայելու իր աջակցությունը, մերժելու որոշումը, ինքնուրույն կազմակերպվելու և կառավարության փոփոխություն պահանջելու՝ սահմանադրական ու խաղաղ միջոցներով։ Հանրային վերահսկողությունը չի դադարում ընտրությունների հաջորդ առավոտյան։ Իշխանության համար անհարմար լինելը քաղաքացու օրինական պահանջը Հայաստանի համար վտանգավոր չի դարձնում։ Ընտրական մանդատը հասարակությանը կառավարությունից կախվածության մեջ չի դնում․ կառավարությունն է շարունակում պատասխանատու մնալ հասարակության առաջ։
Փաշինյանը կարող է պահպանել մանդատը, մեծամասնությունն ու վարչական ապարատը և միաժամանակ բախվել իր քաղաքականությունը շարունակելու հանրային հենարանի նեղացմանը։ Քարոզչությունը կարող է դա քողարկել, ճնշումը՝ հետաձգել դրա քաղաքական հետևանքները։ Բայց հակասությունները դրանով չեն վերանում։ Եթե քաղաքականությունը չի վերանայվում, դրա գինը կարող է շարունակել աճել՝ պետական հնարավորությունների, հանրային վստահության և հենց իշխանության քաղաքական ռեսուրսի հաշվին։
Հարցն այլևս միայն այն չէ, թե որքան իշխանություն ունի Փաշինյանը։ Հարցն այն է, թե որքան պետական ու հանրային ռեսուրս է պատրաստ ծախսել այդ քաղաքականությունը չվերանայելու համար և ինչու պետք է հասարակությունը համաձայնի վճարել այդ գինը։ Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»։

«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2717:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
3217:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
5217:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազարկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
5717:12
«Իմ քաղաքականապես ակտիվ գործունեությունը շատերին դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5117:00
«Իշխանության նպատակն է՝ էդգար Ղազարյանը չլինի խորհրդանում, որ իրենց առավելագույնս կոմֆորտ զգան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5416:48
«Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հիմա գոյություն չէին ունենա»․ Թրամփ
14116:13
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին
5716:06