«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին։
Դրա հիմքում ռազմական հաղթանակը քաղաքական ու տնտեսական ազդեցության վերածելու ձգտումն է։ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի Արցախի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Բաքուն ստացավ ուժային առավելություն, որն օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշումը պահպանելու և տարածաշրջանի նոր քաղաքական դասավորությունը ձևավորելու համար։
Այս ռազմավարության առաջին ուղղությունը Հայաստանի ռազմաքաղաքական դիրքի սահմանափակումն է։ Ադրբեջանի պահանջները վերաբերում են ոչ միայն սահմանների և հաղորդակցությունների հարցերին, այլև ՀՀ Սահմանադրությանը, արտաքին քաղաքականությանը և անվտանգային համակարգին։ Այսպիսով, Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա։
Երկրորդ ուղղությունը տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ ազդեցության ընդլայնումն է։ Նախիջևանի հետ կապը, Սյունիքի տարածքով անցնող ճանապարհները և Կասպից ծովից դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող տրանսպորտային ուղիները Ադրբեջանի համար ունեն կարևոր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն։ Հատկապես Սյունիքի հարցը դուրս է գալիս ճանապարհաշինության շրջանակներից․ այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածաշրջանային ուժերի հավասարակշռությանը։
Երրորդ ուղղությունը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունն է։ Գաղտնիք չէ, որ Անկարայի և Բաքվի շահերը համընկնում են Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնման, թյուրքական աշխարհի կապերի ամրապնդման և Արևելք-Արևմուտք հաղորդակցությունների զարգացման հարցերում։ Այս համագործակցությունը Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններին հաղորդում է ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի խաղաղության օրակարգի քաղաքական օգտագործումը։ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ Սահմանադրության փոփոխության և այլ պահանջների կատարման հետ կապելը ստեղծում է մի իրավիճակ, երբ բանակցությունները կարող են վերածվել միակողմանի զիջումների մեխանիզմի։ Խաղաղության հաստատման հարցը, այսպիսով, դառնում է նաև Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդելու միջոց։
Տարածաշրջանային վերադասավորումների վրա ազդում են նաև արտաքին ուժերը։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում, Թուրքիայի հավակնությունները, Ռուսաստանի ազդեցության փոփոխությունը և Իրանի մտահոգությունները վկայում են, որ Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր հանգույց։ Սակայն արտաքին դերակատարների տնտեսական ու ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են ՀՀ պետական շահերի հետ։ Հետևաբար, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման գործընթացները պետք է գնահատել առաջին հերթին ինքնիշխանության ու իրավազորության պահպանման տեսանկյունից։
Pax Azerbaijana-ի հիմնական վտանգը խաղաղության հասկացության հնարավոր վերածումն է ուժային գերիշխանության ամրագրման գործիքի։ Ռազմական բախումների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում կայուն անվտանգություն, ինչպես տնտեսական կապերի զարգացումը չի երաշխավորում քաղաքական ինքնուրույնություն։
Փաշինյանի վերջին տարիների քաղաքական քայլերի, որդեգրած ռազմավարության և գործելակերպի տրամաբանությունը ցույց են տալիս, որ նա իր ողջ քաղաքական ու պետական գործիքակազմը ներդրել է Pax Azerbaijana-ի գաղափարը Հայաստանի համար ընդունելի և կենսագործելի իրողություն դարձնելու ուղղությամբ։ Ընդ որում՝ այդ գործընթացը ներկայացվում է խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և նոր իրականությանը հարմարվելու խոսույթով։ Փաշինյանի կիրառած բառապաշարը, քաղաքական հիմնավորումներն ու հանրային օրակարգը հենց այդ մոտեցման առհավատչյան են։
Այսպիսով, Pax Azerbaijana-ն Ադրբեջանի՝ ռազմական առավելությունը երկարաժամկետ տարածաշրջանային գերիշխանության վերածելու հավակնությունն է, իսկ Փաշինյանի քաղաքականության առանցքային հարցն այն՝ տեղայնացնելն է ՀՀ պետական օրակարգում։
Հ.գ. Վազգեն Հովհաննիսյանին էլ շնորհակալ եմ՝ էս թեմայի հետ կապված թիրախային խնդիրները փաթեթավորած ներկայացնելու համար»։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12