Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան

«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
29
Այսօր, 15:36

Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանանի շոու՝ անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ․ ո՞ւր են տանում Երևանը․
Երբ պետության ղեկավարը թուրքիայից վերադառնում է գրպանում բանան պահած և դա վերածում համազգային քննարկան առարկայի, խնդիրը բնավ ճաշակի կամ դիվանագիտական էթիկետի բացակայության մեջ չէ։ Սա հստակ հաշվարկված տեղեկատվական ծխածածկույթ է։
Մեծ քաղաքականության և հետախուզության մեջ կա մի անխախտ օրենք, երբ ուզում ես թաքցնել գլխավոր գործարքը, հանրությանը նետում ես էժանագին, կենցաղային տեսարան։ Մինչ երկրում քննարկվում են գլխարկի վրա նետվածը ու կառավարական առանձնատան կադրերը, իրականությունը բոլորովին այլ հարթությունում է, և այն ուղիղ սպառնալիք է մեր պետականությանը։
Իսկ հիմա ըստ էության՝ սառը փաստերով։
Առաջին․ անթալիայում նիկոլ փ․-ի և էրդողանի հանդիպման սեղանի շուրջ նստած էր ոչ միայն թուրքիայի արտգործնախարարը, այլև թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար իբրահիմ թալընը։
Որպես ռազմական ճանապարհ անցած մարդ՝ հստակ արձանագրում եմ․ երբ բանակցություններին մասնակցում է մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և թշնամական քաղաքականություն վարող պետության հատուկ ծառայությունների ղեկավարը, այնտեղ քննարկվում են ոչ թե կլիմայական հարցեր կամ բարիդրացիական ժպիտներ, այլ կոնկրետ օպերատիվ-անվտանգային զիջումներ, միջանցքային տրամաբանություն և տարածաշրջանային վերահսկողության մեխանիզմներ (այլ կերպ ասած՝ պետության ինքնիշխանության փաստացի հանձման քայլեր)։
Երկրորդ․ Ես մշտապես հստակ արձանագրել եմ և հիմա էլ պնդո՛ւմ եմ՝ այսպես կոչված «TRIPP» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան «մեծ թուրանի» նախագծի նոր, գեղեցիկ փաթեթավորված անվանումը։ Մեծ քաղաքականության մեջ շատ ընդունված պրակտիկա է՝ գլոբալ խաղացողների շահերից ելնելով ցանկացած պահի այդ փաթեթի ուղիղ վերահսկողությունը հանձնել հենց նույն թուրքիային՝ ադրբեջանի հետ իրենց ցամաքային կապն ապահովելու համար։ Առավել ևս, երբ մինչ օրս մութ է մնում, թե այդ պետություններից ում հիմնական կապիտալն է իրականում ներդրվում այս գործընթացում, իսկ Հայսատնի գործող կառավարիչն ու իր խմբակը այս ութ տարիների ընթացքում իրենց բոլոր քայլերով ցույց են տվել բացառապես խանարհ պահվածք ցեղասպան թշնամու առաջ՝ գնալով ավերջ, շարունակական զիջումների։
Երրորդ․ Մինչ մեզ հրամցվում է խաղաղության պատրանք, ադրբեջանում մեկնարկում են թուրքիա-ադրբեջան-Վրաստան համատեղ զորավարժությունները՝ խորհրդանշական «Հավերժություն-2026» անվամբ, որով մեզ ուղիղ մեսիջ է հղվում տարածաշրջանային լիակատար մեկուսացման և մեր դեմ ձևավորված «հավերժական» շրջափակման օղակի մասին։ Տարածաշրջանում ռազմական բռունցք է սեղմվում, էրդողանն ու ալիևը ցուցադրական գրկախառնությամբ վերահաստատում են իրենց ռազմավարական տանդեմը, իսկ Հայաստանում այցից անմիջապես հետո՝ նույն օրը, գումարվում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի նիստը։ Սա ուղիղ ապացույցն է, որ անթալիայում ստացված հանձնարարականները՝ կապված մեր պետության իրավական հիմքերի և Անկախության հռչակագրի վերանայման հետ, արդեն դրվում են գործնական ընթացքի մեջ։ Այս քաղաքական գծի սնանկության մասին բացահայտ խոսում են անգամ նախկինում հենց այս համակարգի առանցքային պաշտոնյաները՝ խոստովանելով, որ արևմտյան կամ եվրոպական ինտեգրման խոստումները պարզապես պատրանք են եղել, և երկիրը տարվում է փակուղի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պետական կառավարումը բեմականացում չէ։ Ցածր դիրքից նկարահանված կադրերով ու շինծու անմիջականությամբ մեզ փորձում են համոզել, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Իրականում մենք կանգնած ենք պետականության վերջնական կազմաքանդման շեմին։ Մեր խնդիրը ոչ թե հերթական էժանագին շոուն քննարկելն է, այլ սթափվելը, համախմբվելը և թույլ չտալը, որ Հայաստանի ճակատագիրը դառնա մանրադրամ անթալիայի կամ բաքվի բանակցային սեղաններին։

Հ․Գ․ Եվ վերջում՝ մի շատ կարևոր դիտարկում։ Նույնիսկ Երևան վերադառնալու պահին այս մարդու շուրթերից Երևանը հնչում է աղավաղված՝ «Էրևան»։
Պատահականությո՞ւն է, թե՞ ենթագիտակցական մեսիջ, երբ մեր մայրաքաղաքի անունը հնչեցնվում է ճիշտ այնպես, ինչպես այն արտաբերում և երազում են տեսնել թուրքիայում ու ադրբեջանում՝ «Էրիվան»․․․ Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Աղբյուրը`   Գևորգ Գևորգյան