«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը պատրաստվում է ևս 250 միլիոն եվրոյի վարկ ներգրավել՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար։ Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց։ Իսկ ի՞նչ տնտեսություն ենք թողնում այս վարկը քսան տարի հետո մարողներին։
2026 թվականի հունվար–հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ նվազել 26.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գործնականում արձանագրվում է կապիտալ ծախսերի ցածր կատարողական՝ անկումը հիմնականում կապելով պաշտպանական ծախսերի կրճատման հետ։ Այսինքն՝ բյուջեի առօրյա պարտավորություններն ընդլայնվում են, իսկ պետության երկարաժամկետ կարողությունները ֆինանսավորող ծախսերը՝ նահանջում։
Ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը 36 հազարից դարձավ 46 հազար դրամ, իսկ աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման հիմնական չափը՝ 24 հազարից՝ 34 հազար դրամ։ Բայց ամսական հավելումը մշտական բյուջետային պարտավորություն է։ Այն պետք է ապահովվի կայուն եկամուտներով և միջնաժամկետ հաշվարկով։ Թոշակառուի արժանապատիվ կյանքը չի կարելի կախել հերթական վարկի հասանելիությունից։
Առողջության համընդհանուր ապահովագրության դեպքում ֆինանսական պլանավորման խնդիրը նույնիսկ ավելի տեսանելի է։ Հասանելի տեղեկատվության համաձայն առաջին կիսամյակում արդեն ծախսվել էր համապատասխան հոդվածով ամբողջ տարվա համար նախատեսված գումարի շուրջ 80%-ը, իսկ ապահովագրվածների շրջանակն ընդլայնվել էր։ Տարվա կեսին տարեկան հատկացումների չորս հինգերորդի օգտագործումը պահանջում է հրապարակային բացատրություն՝ ծախսերի ժամանակային բաշխո՞ւմ է, պահանջարկի թերագնահատո՞ւմ, թե՞ ֆինանսական հաշվարկից առաջ ընկած քաղաքական խոստում։
Հարկաբյուջետային «ոսկե կանոնի» տնտեսական տրամաբանությունն այն է, որ պարտքային ֆինանսավորումը պետք է ուղեկցվի ապագայի համար ներդրումներով։ Նոր վարկն ինքնին ուղղակիորեն չի վկայում այս կանոնի խախտման մասին, կամ հենց կենսաթոշակների պարտքային ֆինանսավորում։ Բայց ընթացիկ պարտավորությունների ընդլայնումն ու կապիտալ ծրագրերի հետընթացը լուրջ հարց են առաջացնում՝ պետությունը պարտք է վերցնում իր եկամտաստեղծ կարողությո՞ւնն ամրապնդելու, թե՞ ծախսային անհամապատասխանությունները շարունակաբար փակելու համար։
Քաղաքական իմաստով այս կառուցվածքը չափազանց հարմար է ընտրական պոպուլիզմին։ Վճարումն ու դրա ազդեցություն անմիջապես է երևում, իսկ չկատարված ներդրման վնասը՝ տարիներ անց։ Խոստման հեղինակն այսօր ստանում է իր քաղաքական շահաբաժինը, իսկ ապագա հարկատուն՝ դրա մարման ժամանակացույցը։ Նախընտրական առատաձեռնության «ամենահարմար ֆինանսավորողը», պարզվում է, դեռ քվեարկելու իրավունք չունեցող սերունդն է։
Քաղաքացին արժանի է և՛ պատշաճ կենսաթոշակի, և՛ հասանելի բուժօգնության, և՛ պաշտպանված ու զարգացող պետության։ Կառավարության գործը դրանց ֆինանսական համադրությունն ապահովելն է։
Պետական բյուջեն իշխանության վարկանիշն ապառիկ ֆինանսավորելու միջոց չէ»։

«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2717:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
3217:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
5217:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազարկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
5717:12
«Իմ քաղաքականապես ակտիվ գործունեությունը շատերին դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5117:00
«Իշխանության նպատակն է՝ էդգար Ղազարյանը չլինի խորհրդանում, որ իրենց առավելագույնս կոմֆորտ զգան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5416:48
«Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հիմա գոյություն չէին ունենա»․ Թրամփ
14116:13
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին
5716:06