Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան

«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
37
Այսօր, 11:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը իր անմիջական չորս հարևանների հետ ամենաերկար սահմանը ունի հենց Ադրբեջանի հետ: Ավելին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան սահմանների ընդհանուր երկարությունը զգալիորեն քիչ է, քան միայն հայ-ադրբեջանական սահմանինը:
Քանի որ երկու պետությունների միջև սահմանազատված/սահմանագծված է ընդանենը 12.6 կմ հատված, շատ դժվար է հստակ ասել, թե ինչքան է երկու երկրների միջև ընդհանուր սահմանի երկարությունը, առավել ևս, որ տասնյակ կետերում ադրբեջանական զինուժը ներծուժել է ՀՀ տարածք և օկուպացիայի տակ է պահում ավելի քան 200 քառակուսի կմ տարածք՝ հիմնականում Գեղարքունիքում և Սյունիքում:
Այդուհանդերձ, Հայաստան-Ադրբեջան ընդհանուր սահմանը պիտի որ լինի մոտ 1000 կիլոմետր, որից 220-ը անցնում է Նախիջևանի հետ լեռների և լեռնաշղթաների գագաթներով ու գոգավորություններով:
Հայաստան-Ադրբեջան սահմանը աշխարհագրորեն շատ տարբեր է՝ լեռնային, բարձր լեռնային, գրեթե տափաստանային, ինչպես հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունին է, չոր բլրաշատ, անտառային....
Օրինակ, մեր գյուղի ընդհանուր սահմանը Ադրբեջանի հետ 13 կիլոմետր է, որի հիմնական մասը անտառային է:
1990-ական թվականներից հայ-ադրբեջանական սահմաններում փոխադարձաբար եղել են խախտման հարյուրավոր դեպքեր և եթե դրանք դասակարգենք, ապա կունենանք հետևյալ պատկերը.
ա/ դիվերսանտներ,
բ/ հետախույզներ,
գ/ մոլորվելու դեպքեր,
դ/ անհուսությունից հակառակորդի կողմ անցնելու հրապարակային բողոքի դեպքեր...
Եղել է դեպք, երբ մարդը տեսել է, որ իր կովերը անցնում են դեպի Ադրբեջան, գնացել է անասունների հետևից և ձերբակալվել...
Անշուշտ, քննարկման թեմա չէ այն, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է պետական սահմանը, և դա չեն նկատել ոչ ադրբեջանական, ոչ էլ հայակական սահմանային ուժերը: Սա նշանակում է, որ երկու կողմում էլ վերահսկողությունը պատշաճ չէ, եթե, անշուշտ, մենք գործ չունենք դիվերսիայի ու հետախուզական ներթափանցումների հետ:
Բայց եթե մենք պատկերացնում ենք՝ ինչ ասել է Հայաստան-Ադրբեջան սահման, ապա մեր գնահատականներում պիտի ավելի զուսպ լինենք:
Անկասկած, այս վերջին դեպքը, երբ ադրբեջանցի զինվորականը անցել է սահմանը, մտել Շաքիի բնակչի տուն, կնոջ վրա կրակել, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
Շատ կարևոր է այս դեպքը ճիշտ օգտագործել՝ ինչքան էլ մեծ և քննադատական լինի հանրային պահանջը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան