Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը»․ Հրայր Կամենդատյան

«Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը»․ Հրայր Կամենդատյան
19
Այսօր, 09:06

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե իշխանությունը հանրաքվեի թեմա է նետում հրապարակ, իսկ ընդդիմությունը շաբաթներով քննարկում է այդ թեման, հարցեր տալիս, բանավիճում, արձագանքում ու հակադարձում, ապա իշխանությունը հասել է իր նպատակին՝ հանրային խոսակցության կենտրոնը տեղափոխել իր ընտրած դաշտ։
Իսկ ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը։
Իշխանության խաղը պետք էր չընդունել։
ՔՊ-ն չունի խորհրդարանում սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ 2/3-ը։ Հանրաքվեի թեման ինքնին դեռ չի նշանակում քաղաքական հաղթանակ։ Այն ընդամենը քաղաքական օրակարգի հերթական փորձն է։
Ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը։
Ծաղրել այդ նախաձեռնության քաղաքական անհեթեթությունը։
Ցույց տալ, որ իշխանությունը չունի անհրաժեշտ ձայները։
Չմտնել անվերջ բանավեճերի, հարցուպատասխանի և իշխանության կազմակերպած քաղաքական ներկայացման մեջ։
Եվ անմիջապես տեղափոխել հանրային քննարկումը մարդկանց իրական խնդիրների վրա։
Որովհետև իշխանության համար շատ հարմար է, երբ բոլորը քննարկում են իր առաջարկած թեման, իսկ ժողովուրդը մնում է իր առօրյա խնդիրների հետ միայնակ։
Ի՞նչ հարցեր պետք է հնչեին ամեն օր․
Ինչո՞ւ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր, և ինչո՞ւ տնտեսական աճը չի վերածվում մարդկանց իրական բարեկեցության։
Ինչո՞ւ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվել են վարկային տույժերի, տոկոսների ու տուգանքների ճիրաններում, և ինչո՞ւ պետությունը չի պաշտպանում նրանց ֆինանսական համակարգի անարդարություններից։
Ինչո՞ւ գույքահարկը դարձել է սեփական տունը պահելու ծանր բեռ, հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տասնամյակներով աշխատել են այդ տունը ձեռք բերելու համար։
Ինչո՞ւ դեղերի շուկայում քաղաքացին բախվում է բարձր գների, սահմանափակ ընտրության և մրցակցության վերաբերյալ լուրջ հարցերի, իսկ պետությունը չի ապահովում պատշաճ վերահսկողություն ու հասանելիություն։
Ինչո՞ւ թոշակառուն պետք է ընտրություն կատարի դեղի, սննդի և կոմունալ վճարի միջև։
Ինչո՞ւ իշխանությունը խոսում է Սահմանադրության մասին, երբ քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է սոցիալական անարդարության, պարտքերի և գոյատևման խնդիրների։
Սրանք են այն հարցերը, որոնցից իշխանությունը չի կարող փախչել՝ պարզապես նոր քաղաքական թեմա նետելով։
Ընդդիմության գլխավոր սխալը․
Ընդդիմությունը չպետք է իշխանությանը պատասխանի միայն նրա բարձրացրած թեմաների շրջանակում։ Այն պետք է ստիպի իշխանությանը պատասխանել այն հարցերին, որոնք իշխանությունը չի ուզում լսել։
Քաղաքական նախաձեռնությունը նշանակում է ոչ թե ամեն հայտարարության հետևից վազել, այլ սեփական օրակարգը թելադրել։
Եթե իշխանությունը քեզ հրավիրում է իր խաղադաշտ, դու պարտավոր չես մտնել։ Դու կարող ես քո խաղը խաղալ՝ այնտեղ, որտեղ իշխանությունն ամենախոցելին է։
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա։ Իսկ սոցիալական խնդիրները պետք է դառնային ընդդիմության ամենօրյա քաղաքական հարվածը։
Թեման առաջացել է իմ ընկեր Արեգ Սավգուլյանի հետ զրույցի ընթացքում»։