Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը»․ Հակոբ Բադալյան

«Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը»․ Հակոբ Բադալյան
21
Այսօր, 16:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չհամաձայնելով «հեռանալու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «առաջարկին», ընդդիմությունը փաստացի՝ եթե չասեմ փոխել խաղը, ապա առնվազն խառնել է խաղաքարտերը։

Դրա վկայությունն է թե իշխանության, թե մերձիշխանական շրջանակների ակնառու շփոթմունքը։ Դրա վկայությունն այն պարզունակ մեղադրանքն է, որ հնչում է, թե՝ տեսեք, նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանի հեռանալուն։

Ըստ ամենայնի, շատ շուտով, այդ «փաստարկը» ներկայացնողները նույնիսկ իրենք կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, միայն թե իրավիճակը իրենց համար դարձնեն հասկանալի եւ վերադարձնեն «ավանդական» հուն։ Կատակը մի կողմ, բայց ահա այստեղ է քայլի պարզությունը, որ փաստացի կատարել է ընդդիմությունը՝ չտրվելով ավանդական սխեմաների չափմանը, ու հանրագումարում առաջացրել է ներիշխանական եւ մերձիշխանական շփոթմունք։

Ասել, որ սա բավարար է քաղաքական իրավիճակի փոփոխությունը զարգացնելու համար, իհարկե այդպես չէ։ Բայց սա կարեւոր ելակետ է անելիքների տրամաբանությունը արձանագրելու համար։ Եվ այստեղ է, որ կամա, թե ակամա, բայց մեկտեղվում է թե ընդդիմության քաղաքական, թե հանրության քաղաքացիական շահը՝ ընդ որում անկախ քաղաքական հայացքներից, որ կարող է ունենալ հանրության այս կամ այն շերտը։ Շահը՝ ավանդական քաղաքական սխեմաները, որ տարիներվ կիրառվել են Հայաստանում՝ ապամոնտաժելն է։ Հետեւաբար, եթե այդ պրոցեսը սկսում է, ապա այստեղ չկա անկարեւոր դետալ կամ մանրուք եւ անգամ փոքր պտուտակը քանդելն էլ ապամոնտաժման գործընթացի մաս է։

Ավանդական «սխեմաները» միշտ հանգեցրել են քաղաքական ցիկլի տեղապտույտի, բերել են դարձ ի շրջան։ Հիմա կարծես թե ընդդիմադիր ուժերին հաջողվել է առնվազն թույլ չտալ, որ շրջանը «փակվի»։ Պտուտակի էֆեկտ է սա, թե ավելի մեծ՝ հարցի մի կողմն է, բայց կարեւորը, որ քաղաքական եւ հանրային էֆեկտ է, այինքն փոփոխության միտումը խորացնելու հնարավորություն»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան