Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Թուրքական սոսկալի ապատեղեկատվություններն ու զրպարտությունները Հայաստանի հասցեին ու հայկական կողմի քար լռությունը

Թուրքական սոսկալի ապատեղեկատվություններն ու զրպարտությունները Հայաստանի հասցեին ու հայկական կողմի քար լռությունը
1905
Կիրակի, 18 փետրվարի, 2018 թ., 21:25

Արդեն մի քանի տարի է՝ Թուրքիայում՝ Իգդիրում, գործում է այսպես կոչված «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» թուրք-ադրբեջանական միությունը՝ ASİMDER-ը: Դրա ղեկավար Գյոքսել Գյուլբեյն ընդգծված հակահայ քարզչություն է իրականացնում՝ հրապարակելով կեղծ տեղեկություններ ու զրպարտություններ Հայաստանի հասցեին: Կազմակերպության հրապարակած ամեն մի ապատեղեկատվություն անմիջապես տարածվում է թուրքական ազգայնական ու ադրբեջանական բոլոր կայքերում և հսկայածավալ մի լսարան դա ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն: Թե ինչպիսի «տեղեկատվությունների» մասին է խոսքը, բերենք մի քանի օրինակներ:
2018-ի հունվարին Գյուլբեյը հայտարարել է, որ «Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն, որի գործունեության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Վրաստանի Ջավախք շրջանում «Վիրք-երկիր» անվամամբ: Ըստ Գյուլբեյի՝ «Վիրք-երկիր» միությունը ահաբեկչական կառույց է, որը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը կյանքի կոչելու համար օգտագործում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերին: ASİMDER-ի ղեկավարի պնդմամբ՝ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմաբազան հեռանալիս դյուրակիր զինատեսակները թողել է «Վիրք-երկրի» անդամներին:

Հուլիսի 25-ին ASİMDER-ը հայտարարեց, թե Հայաստանն իր տարածքում՝ Վարդենիսում, Արցախում և Սևանում տեղակայել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում որակված PKK-ի («Քրդական աշխատավորական կուսակցություն») և PJAK-ի («Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն») գրոհայինների: «Թվով 20 ռազմական ճամբարներում իրականացվում են գրոհայինների ուսումնավարժանքներ, որոնց հետագայում պետք է օգտագործեն Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններում: Մեկ այլ ահաբեկչական կազմավորման՝ ASALA-ի ոչնչացումից հետո էլ Հայաստանը չի դադարում լինել միջազգային ահաբեկչության հովանավորներից ու հենարաններից մեկը: Սա պայմանավորված է «Մեծ Հայքի» ստեղծման քաղաքական կուրսով, որ որդեգրել է Հայաստանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 11-ին արված հայտարարության մեջ, որը «Սենսացիոն հայտարարություն. ԴԱԻՇ-ն Իրան է հասել Հայաստանի տարածքով» վերնագրով տարածվեց ադրբեջանական ու թուրքական բազմաթիվ քարոզչական կայքերում, ASİMDER-ը հայտարարեց հետևյալը. «Գյուքսել Գյուլբեյը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որում ասվում է, որ ԴԱԻՇ ահաբեկիչները, որոնք անցյալ շաբաթ գրոհեցին Իրանի խորհրդարանը և Խոմեյնիի դամբարանը, Իրան են հասել Հայաստանի տարածքով: Գյուլբեյը նաև հայտնեց, թե իր աղբյուրներն իրեն տեղեկացրել են, որ Հայաստանը օկուպացված Ղարաբաղի տարածքում ճամբարներ է բացել ահաբեկիչների վերապատրաստման համար: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Սիրիայի տարածքից հայերին ինքնաթիռներով դուրս են հանում ու բնակեցնում Ղարաբաղում, այնինչ դրանց թվում կարող են լինել նաև ահաբեկիչներ: Իսկ Իրանն ընտրվել է որպես ահաբեկչության թիրախ, որովհետև Թուրքիայի հետ միասին աջակցել է Կատարին»:
Քիչ ավելի վաղ՝ հունիսի 6-ին հրապարակված հայտարարությունում առավել աբսուրդային «տեղեկատվություն» է հրամցվում՝ Ղարաբաղում հայերը տեղակայել են 8000 աֆղանստանցի վարձկանի: «Անցյալ տարվա քառօրյա պատերազմից հետո աֆղանստանցի վարձկանները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում: Ծանր կորուստներից հետո հայերը հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել զինվորական ծառայության, այս բացը լրացնում են աֆղանստանցի 8000 վարձկանները: Նրանց կվճարեն 3 հազարական դոլար, նրանց հետ պայմանագիրը կնքված է 5 տարով, որի ավարտից հետո նրանց խոստացել են տալ ՀՀ քաղաքացիություն և վիզաներ՝ դեպի Եվրոպա: Մենք կոչ ենք անում Իրանին՝ թույլ չտալ աֆղանստանցիների մուտքը Հայաստան»,- ասվում է ASİMDER-ի հայտարարության մեջ:
Ավելի հետ գնալով՝ ներկայացնենք 2016 թվականի մայիսի 27-ի ոչ պակաս անհեթեթ հայտարարությունը. «Հայաստանում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերի ընկած ադրբեջանցիներին ստիպում են աշխատել Մեծամորի ատոմակայանում, որի շահագործման ժամկետը վաղուց անցել է, ոսկու ու քարածխի հանքերում: Նշենք, որ արդեն 23 տարի է՝ Հայաստանն անուշադրության է մատնում Ադրբեջանի պահանջը՝ ետ վերադարձնել ռազմագերիներին ու պատանդներին, որոնց թիվն, ըստ 2011 թվականի մարտի 11-ի որոշման, հասնում է 4049-ի, որոնցից 3273-ը զինվորականներ են, 771-ը՝ քաղաքացիական անձեր, 5-ի կարգավիճակն էլ հայտնի չէ»:
ASİMDER-ի հակահայ քարոզչությունը գնալով առավել մեծ թափ է ստանում՝ իր ավելացող լսարանին Հայաստանը ներկայացնելով որպես ահաբեկչության թիվ մեկ որջ ամբողջ աշխարհում: Իսկ ինչ քայլեր է ձեռնարկում այս վտանգավոր քարոզչության դեմ հայկական կողմը: Չէ որ քարոզչությունը համարվում է 21-րդ դարի կարևորագույն զենքերից մեկը: Որպես օրինակ՝ ՆԱՏՕ-ն, Եվրոխորհրդարանը, Չեխիան, հատուկ հանձնաժողովներ են բացել ընդդեմ ռուսական քարոզչության ու ապատեղեկատվության, իսկ որոշ եվրոպական երկրներ էլ անգամ հատուկ նախարարություններ են բացել:
Ցավոք, Mamul.ամ-ի բազմաթիվ ջանքերն՝ այս մասին որևէ մեկնաբանություն ստանալու ՀՀ պատկան մարմիններից՝ ԱԱծ-ից կամ ՊՆ-ից, արդյունք չտվեցին: Մեր բոլոր հարցադրումներն՝ ինչ է անում հայկական կողմն այս հուժկու ապատեղեկատվության ու զրպարտանքների դեմն առնելու համար, մնացին անպատասխան: