Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան

«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
63
Այսօր, 18:42

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայերը քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդը չեն, հայերը քրիստոնեությունը ընդունած առաջինն պետությունն են,- վերջերս ասաց Նիկոլ Փաշինյանը և այս պնդումը որոշակի քննարկումների տեղիք տվեց: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ խոսքը հարթ չէր կառուցված, քանզի, «ՀԱՅԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ», արձագանքենք ասված արտահայտությանը՝ ըստ նրա հեղինակի կողմից դրանում փաստացի դրված իմաստի.
ՀՀ վարչապետն այս խոսքերն ասաց՝ ակնհայտորեն ցանկանալով ընդգծել պետության և պետականության խաղացած դերը քրիստոնեության ընդունման հարցում, սակայն, ըստ իս, պնդումն իր ՀԻՄՔՈՒՄ ԻՍԿ ոչ կոռեկտ տեսք ունի: Իրոք, որևէ ժողովրդի, իսկ այս պարագայում ավելի ճիշտ է ասել՝ ազգի, ՀԱՄԱՀԱՎԱՔ ԿԱՄՔԻ արտահայտման միակ ձևը, այն էլ վաղ միջնադարում, ազգային պետությունն էր: Այսինքն՝ որևէ ազգ, եթե չունի ազգային պետություն, ուղղակի ՉԻ ԿԱՐՈՂ որևէ կրոն առաջինն ընդունել, քանզի ազգային պետություն չունենալու պարագայում չի լինի այն համահավաք և բարձրագույն մարմինը, որը կորոշի, որ ազգային պետությունը ու դրա տիտղոսակիր ազգը ընդունում են որևէ կրոն:
Եվ այսպես, որևէ ԱԶԳ, կարող է հանդես գալ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած սուբյեկտ, եթե այդ ազգի ՀԱՄԱՀԱՎԱՔ ԿԱՄՔՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ: Արդյունքում՝ առաջին քրիստոնյա ազգ կամ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովուրդ, չէին օրինակ հրեաները, որոնց գոնե ձևականորեն պատկանում էին Հիսուս Քրիստոսն ու առաջին առաքյալների մեծ մասը, քանզի հրեաներին իրենք պետական մակարդակով մերժեցին քրիստոնեությունը: Առաջին քրիստոնյա ժողովուրդ չէին նաև Հռոմեական կայսրության քաղաքացիները, քանզի նրանց պետությունը մինչև 313 թ․ մերժում էր քրիստոնեությունը, իսկ կայսրությունն էլ ազգային պետություն չէր: Այս դերին չեն կարող հավակնել նաև ասորիները, որոնց շարքերում դեռևս II-III դարերում իրոք շատ էին քրիստոնյաները, քանզի քննարկվող ժամանակաշրջանում նրանք ՉՈՒՆԵԻՆ ազգային պետություն: Այս տեսանկյունից հարցը քննարկելիս ակնհայտ է, որ առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դեպքում, հայերն են: Արդյունքում՝ այս առումով վարչապետը ճիշտ է ասում, բայց ընդգծենք՝ ՀԵՆՑ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ, քանզի նրա պնդումն ինքնին կոռեկտ չէ և նա ճիշտ է ոչ կոռեկտ պնդմանը արձագանքելիս...
Արդեն ասվեց, որ վաղ միջնադարում որևէ ազգի համահավաք կամքի արտահայտման միակ ձևը պետությունն էր: Այսինքն՝ որևէ ազգ կարող է խոսել առաջինը նման քայլ անելու մասին միայն այն պարագայում, եթե նրա ազգային պետությունը արել է այդ քայլը: Եվ այսպես, վարչապետի հարցի ԴՐՎԱԾՔՆ ԷՐ ՈՉ ԿՈՌԵԿՏ, իսկ արդյունքում էլ՝ դրա դեմ արտահայտվող կարծիքներն էին ոչ ճշգրիտ, քանի որ արտահայտում էին արձագանք ոչ կոռեկտ դրված հարցին: Ճիշտը ասելն է. «Հայերը քրիստոնեությունն առաջինը որպես ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ընդունած ազգն են»՝ գործնական մակարդակում նկատի ունենալով Մեծ Հայքի թագավորության ժողովրդին, որի հիմնական մասը բնականաբար հայերն էին, որպես ազգ»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան