Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
938
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 18:20

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Հայտարարված զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ, որոնք ուսումնասիրվում են և հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի 1-ին մասով նախատեսված է պատիժ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերվում կամ համապատասխան իրավապահ մարմիններին /քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/ են ներկայանում զորակոչի ենթակա տարիքում՝ այսինքն՝ մինչև 27 տարին լրանալը, ներկայացվում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, հետազոտվում են բժշկական հանձնաժողովի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում ստանում են ՀՀ զինված ուժեր մեկնելու ծանուցագիր: ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց հետո քննարկվում են անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը, իսկ եթե զորակոչի ենթակա քաղաքացին հրաժարվում է մեկնել ծառայության, ապա քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները՝ում 27 տարին /պահեստազորի սպաները՝ 35 տարին/ լրացել է մինչև 2019թ. մարտի 01-ը /օրենքի փոփոխությունը 2019թ. մարտի 6-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված /խուսափած/ զորակոչի դիմաց կարող են կատարել օրենքով սահմանված վճարներ /գումարի չափը որոշվում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ ըստ զորակոչից խուսափած քանակի/:

Նշված գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսարանի կամ լիազորված անձի միջոցով: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին/քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, օրենքով սահմանված վճարները ցանկացած վճարային համակարգի միջոցով կարող են վճարել ՝ ՀՀ Կենտրոնական բանկի գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին 900018113010:

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը կատարելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդման դադարեցման մասին, որից հետո անձը ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն և անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե քննությունից խուսափող անձի կողմից հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, այսինքն՝ երբ լրացել է քաղաքացու 37 տարին, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ / տես ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը/: ՀՀ սահմաններից դուրս գտնվող և ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարող են նոտարական վավերացմամբ կամ հյուպատոսարանի միջոցով դիմում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին իրենց վերաբերյալ քրեական գործով վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Նշված դիմումը /միջնորդությունը/ ստանալու պարագայում կքննարկվեն անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը:

ՀՀ սահմաններից դուրս գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվող ՀՀ քաղաքացիներն իրենց կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են համապատասխան հարցում կատարել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

ՀՀ քննչական կոմիտե