Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան

«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
15
Այսօր, 09:36

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Հազարամյակների քննության դիմացած, հոյակապ լեզվամտածողությամբ, ընդունակություններով, աշխատասիրությամբ օժտված մեր ժողովուրդը իր մարդկային կապիտալի գումարային բարձր արժեքով, բոլոր իրավունքները ունի իր արժանի տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական արդի զարգացումներում և դարի ոգուն վայել, ապահով, բարեկեցիկ կյանքով ապրել:
Եւ մեզ պետք է միայն աշխարհով մեկ իր ուժերը համախմբել, որպես միաձուլ, կազմակերպված ուժ, գլուխը չխոնարհելով, մեր շահերը պաշտպանել:
Բայց հերիք է ինքներս մեզ խաբենք: Ժողովրդագրական այս ծանր վիճակում, երբ դրսում բնակվող մեր ազգակիցների քանակը երեք անգամից էլ ավելին է դարձել, պետք է հասկանանք վերջապես, որ սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ տնտեսությամբ, անցյալից ժառանգած ոչ բարվոք կրթական համակարգով, կիսաշրջափակման մեջ գտնվող մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից էլ, թե ով կգա իշխանության, նույնիսկ եթե տարեկան 6-7 տոկասի աճ էլ ապահովվի, ինչպես նիկոլականներն են խոստանում, մեկ է առաջիկա տասնամյակներում էլ, առանց դրսում գտնվող մեր ազգակիցների լիարժեք աջակցության, մենք՝ մեր այստեղի ուժերով միայն, չենք կարող բավարար չափով միջոցներ հատկացնել կարգի բերել, արդիականացնել պաշտպանական մեր կառույցները, դուրս գալ ահավոր այս կախվածությունից: Առավել ևս ապահովել, որ դարի ոգուն վայել, բարեկեցիկ կյանքով մեր մարդիկ ապրեն:
Այլ ելք մենք չունենք: Պետք է հասկանանք վերջապես, որ մեր փրկությունը իրոք, միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է: Եւ պետք է առանց ուշացման այն ձևավորել, քանի որ այժմ այդ նպատակին հասնելու բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան: Իրոք՝ հեռակապի, հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս դարում երբ աշխարհով մեկ կազմավորվում են սահմաններ չճանաչող հզոր կառույցներ, նաև ազգային պատկանելության հենքով: Մենք էլ մեր ուժերի համախմբման, կարգի բերման, ուղղորդման այդ նոր հնարավորություններից պետք է կարողանանք օգտվել: Եւ եթե ճիշտ կողմորոշվենք, խանգարող լուրջ հանգամանքներ ոչ միայն չեն լինի, այլ քաղաքակիրթ աշխարհն էլ մեզ էապես կաջակցի, կօգնի այդ հարցում»։

Աղբյուրը`   Արշակ Սադոյան