Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը «EU Observer»-ում

«Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը «EU Observer»-ում
499
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 00:10

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրապարակել է «EU Observer»-ում հոդվածը՝ «Հայաստանի ներդրումը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում» վերնագրով, որտեղ անդրադարձել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի դերակատարությանը և ակնկալիքներին.

«ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատելու ինչպես այսօրվա դրությամբ արձանագրված հաջողությունը, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները: Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրոմիության անդամ երկրների կողմից։

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ՝ խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։

Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:

2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա:

Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:

Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը՝ մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։

Հայաստանը ձգտում է ամպրանդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը՝ նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը՝ որպես «փոփոխության գործակալների»:

Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը՝ որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ՝ միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:

Ուստի, հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին, ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։ Եվ շարունակելով մեր երկրում առավել խորը ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը՝ ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը՝ ամրապնդելու համագործակցության արդյունքները:

Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ՝ ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:

Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:

Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը՝ Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով»: