Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հակամարտության տարածքներում երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ». Զ. Մնացականյանի ելույթը

«Հակամարտության տարածքներում երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ». Զ. Մնացականյանի ելույթը
617
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 00:50

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ելույթի ընթացքում անդրադարձել է 5 դրույթի: Առաջին դրույթով նա ընդգծել է, որ Եվրոպայի Խորհուրդն անվտանգության կազմակերպություն չէ, և անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: «Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարը: Այս սկզբունքն առավել հնչեղ արձագանք է ստանում «Ֆինլանդիա դահլիճում»՝ այս նույն պատերի ներքո 1975թ. հնչեցված ուղերձի հետ մեկտեղ»,-ասել է նա:

Երկրորդ դրույթով նախարարը շեշտել է, որ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։

«Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը: «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է և այն որևէ դրսևորում չպետք է ունենա»,- ընդգծել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ զանգվածային վայրագությունների կանխարգելումը նույնպես ընկած է ժողովրդավարական անվտանգության հիմքում։ «Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը և ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում: Թուրքիայի նախագահն օրացույցի բոլոր օրերից հենց ապրիլի 24-ին արդարացրեց Հայոց ցեղասպանության զոհերի դեմ իրականացված հանցագործությունները՝ ցեղասպանության զոհերին անվանելով «հայկական հրոսակախմբեր և նրանց աջակիցներ», որոնց «տեղափոխումն ամենաողջամիտ գործողությունն էր»։ Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը»,- երրորդ դրույթը մեջբերելիս՝ ասել է արտգործ նախարարը:

Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը: Նրա խոսքով՝ հեղափոխությամբ Հայաստանը և հայ ժողովուրդն ի ցույց դրեցին ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները:

«Վերջինիս հետևած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին հասարակության աջակցության և իր կողմից տրված ուժեղ մանդատի հիման վրա, Հայաստանը վերահաստատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել չվիճարկված ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը պաշտպանելու և խթանելու քաղաքական կամքը մեր կառավարության քաղաքականության առանցքն է: Մենք նաև ցուցադրեցինք, որ արժեքների և աշխարհաքաղաքականության նույնացումն անտեղի և վտանգավոր է»,- ասել է Մնացականյանը:

Վերջին՝ հինգերորդ դրույթով նախարարը նշել է. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ամրապնդման կարիք ունեն: Ոչ մի հասարակություն և ոչ մի անդամ երկիր բացառություն չէ: Առավել քան երբևէ առկա է Եվրոպայի խորհրդի կարիքը: Դրա բոլոր կանոնադրական մարմիններն ամրապնդման կարիք ունեն, Խորհրդարանական վեհաժողովը պետք է լիովին մաքրվի կոռուպցիայից: Գլխավոր քարտուղարի զեկույցն արժանի է աջակցության՝ որպես բարեփոխումների համար նշանակալի և պարտադրող ճանապարհային քարտեզ: Ֆինանսավորման ներկա մակարդակի պահպանումը նվազագույն քայլ է այս կառույցի կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: 70-ամյա հոբելյանի ուղերձը բխում է ոչ միայն 1949թ. Լոնդոնի պայմանագրից, այլ նաև 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմից: Մենք չենք կարող հետ վերադառնալ անցյալի տարաձայնություններին: Խորհուրդը և այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա այն կառուցված է, ունեն անդամների հանձնառության վերահաստատման կարիքը»: