Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը
494
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 21:25

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Վիեննայի գագաթաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի, այդ թվում՝ համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների միջև առաջիկա հանդիպման հարցերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ: