Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը». ԱԳՆ խոսնակ

«Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը». ԱԳՆ խոսնակ
92
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 22:15

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության համար, ասել է. «Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ՝ իրականությունը պարզելու նպատակով:

Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը»։

Խոսքի ընթացքում խոսնակը ընդծել է, որ ուշագրավ է, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների՝ տարածաշրջանում գտնվելու օրերին։ «Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է։

Նման կեղծ լուրեր տարածելով՝ Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի՝ Հայաստանի ու Արցախի վրա։

Այն ցույց է տալիս, թե որքանով է Բաքուն պատրաստ արձագանքել հիմնահարցի հանգուցալուծման միջնորդական ջանքերին, որքանով է պատրաստ շարունակել ու առաջ մղել բանակցությունները։

Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:

«Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը». ԱԳՆ խոսնակ