Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը». Նիկոլ Փաշինյան

«Դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը». Նիկոլ Փաշինյան
423
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 16:10

«Վրաստանը առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ համար: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի Վրաստան». հոկտեմբերի 15-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ Վրաստանի իր գործընկեորջ հետ տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք պատրաստակամությունը: Քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի գրեթե ողջ շրջանակը:

«Մեր երկկողմ շրջանակն այնքան լայն ու հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը»,-նշեց Ն.Փաշինյանը:

Տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական համաժողովը կարող լայն հնարավորություններ բացել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը: Այս առումով ՀՀ- Վրաստան հարաբերությունների զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին ազդեցությունից:

«Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք ենք, որ դրանց համապարփակ ու տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան»,-ասաց Ն. Փաշինյանը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին նշեց, որ առաջիկայում ավելի կընդլայնեն ու կխորացնեն դարավոր բարեկամությունը: Տնտեսության ոլորտում 2 երկրները առաջընթաց ունեն:

«Բանակցություններին անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունն ամենակարևորն է»,-ասաց Գ.Գախարիան: Նա այն համոզմունքը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ի հանդիպումը ևս մեկ քայլ կլինի համագործակցության խորացմանք համար: