«ՀԱՊԿ երկրները պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները». Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:
«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով՝ հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության՝ իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Չեխիայի վարչապետը խոստովանել է Սենատի ընտրությունների «աղետալի» ձախողումը
192Երեկ, 23:12
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ (տեսանյութ)
241Երեկ, 09:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
32416.10.2026, 14:18
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
33816.10.2026, 09:54
Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան
30316.10.2026, 09:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
43414.10.2026, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
41214.10.2026, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
45113.10.2026, 23:12