Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արցախի ընտրությունների ընթացքում 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ կհարուցվի

Արցախի ընտրությունների ընթացքում 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ կհարուցվի
419
Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 01:10

Արցախի համապետական ընտրությունների ողջ ընթացքում ստացված իրավախախտումների վերաբերյալ 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 72 հաղորդում, որից 18-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 8-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 5-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 3-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 8-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 29-ը գտնվում է քննարկման փուլում:

Հիշյալ 72 հաղորդումներով ներկայացված դեպքերից 32-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 11-ը՝ Մարտակերտի շրջանում, 11-ը՝ Մարտունու շրջանում, 7-ը՝ Շուշիի շրջանում, 2-ական՝ Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում, իսկ 5 հաղորդման մեջ ներկայացված ենթադրյալ խախտումները կրել են ընդհանրական բնույթ և վերաբերել են տարբեր շրջանների:

Իրավապահ մարմինների կողմից քննված և դեռևս քննության փուլում գտնվող ընտրախախտումները և ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ բնույթի իրավախախտումները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) Ընտրակաշառքի վերաբերյալ - 9 դեպք,

2) Նախընտրական քարոզչության պաստառները վնասելու վերաբերյալ — 3 դեպք,

3) Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ - 2 դեպք,

4) Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ - 1 դեպք,

5) Նախընտրական քարոզչությանը մասնակցող անձին զրպարտելու և վիրավորելու վերաբերյալ - 1 դեպք,

6) Նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ - 5 դեպք,

7) Ընտրողի ազատ կամարտահայտությունը ճնշելու վերաբերյալ - 8 դեպք,

8) Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ - 21 դեպք,

9) Ընտրական հանձնաժողովի անդամի, լրագրողի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ - 4 դեպք,

10) Քարոզչությունն արգելված ժամանակահատվածում քարոզչություն կատարելու վերաբերյալ - 2 դեպք,

11) Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ - 10 դեպք,

12) Քվեատուփերը կնքված չլինելու կամ կնիքի ամբողջականությունը խախտված լինելու վերաբերյալ - 5 դեպք,

13) Ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակները ոստիկանության կողմից չհրապարակելու վերաբերյալ - 1 դեպք:

Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: