Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հայկական բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար Մեղրիի մաքսակետում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր. ՊԵԿ

Հայկական բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար Մեղրիի մաքսակետում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր. ՊԵԿ
46
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 18:40

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով՝ Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ՝ օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար: Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր: Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն։

Բեռնափոխադրումներն անխափան իրականանցնելու նպատակով օրեր առաջ ՀՀ վարորդներին թույլատրվել է մուտք գործել ԻԻՀ տարածք՝ Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։ Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատարներ հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ։

Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով, ՊԵԿ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։

Պետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին, անհատ ձեռնարկատերերին, կազմակերպություններին և նրանց կողմից մաքսային մարմիններում հանդես եկող լիազորված անձանց, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կոչ է անում դրսևորել զսպվածություն և լինել կարգապահ, և քանի դեռ չի իրականացվում ԻԻՀ-ից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում՝ ըմբռնումով մոտենալ ծագող բոլոր խնդիրներին։