Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ներկայացնեմ իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված». Արտյոմ Սմբատյան

«Ներկայացնեմ իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված». Արտյոմ Սմբատյան
419
Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 15:55

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,
Ստորև ներկայացնեմ իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված.
Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:
Ապրիլի առաջին օրերից սկսած՝ առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ: Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար ՆՈՐ պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք՝ մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից ԶԱՏ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին: Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետևյալ սկզբունքով՝ 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները՝ օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում:
Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է ևս մեկ՝ 3-րդ համալրված տարածք՝ օրինակ չօգտագործվող լսարանում:
Ինչևէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա՝ կատարելով ՀՀ կառավարության և լիազոր մարմնի բոլոր ցուցումները:

Հ.Գ. ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ և կառուցողական մթնոլորտում և ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը և իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»: