Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար

Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար
264
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 10:55

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:

Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով՝ այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում՝ յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:

Մասնավորապես, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի՝ պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:

Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: