Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
994
Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 17:35

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն: