Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են. ԱՆ
![]() 337 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 17:20 Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել է ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդական Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ուռուցքաբանության զարգացման հետագա ուղիները։ Մասնագետները նշել են, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա՝ ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում: ԱՀԿ վերջին հասանելի տվյալների (2018) համաձայն՝ աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9.6 մլն մահացության դեպք: Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ (ՉՆ): ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ՝ կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելու դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերինը՝ 17 մլն: ՀՀ բնակչության ՉՆ մահացության, հիվանդացության և տարածվածության միտումները. 2019թ. Հայաստանում գրանցվել է ՉՆ-ով պայմանավորված 5434 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.8%: ՀՀ-ում յուրաքանչյուր հինգերորդը մահանում է ՉՆ-ից: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (55.2%, 2999 դեպք, կանայք՝ 44.8%, 2435): ՉՆ-ից մահացության դեպքերը 2019 թվականին (5434) 1990-ի (3484) համեմատությամբ աճել են 1.5 անգամ, իսկ հիվանդացությունը՝ 1.6 անգամ (1990թ.՝ 5162, 2019թ. 8441): Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ՉՆ-ով հիվանդացությունը 2019-ին 1990 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը՝ 1.5 անգամ: ՉՆ-ով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում: Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի ՉՆ-ն: Ի դեպ, ՉՆ տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: Ապացուցողական տվյալների համաձայն՝ քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննուդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը: Իրականացվող ծրագրերը. Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և վերահսկման, ինչպես նաև մահացության նվազեցման նպատակով, 2015 թվականի հունվարից 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է զանգվածային սքրինինգային հետազոտություններ: 2019 թվականին կատարվել է 58 274 ՊԱՊ թեստի հետազոտություն, 2020-ին՝ 20 256: 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում: 2020 թվականի ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն: 2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: Ծրագրի մեկնարկից մինչ 2020 թվականի տարեվերջ կատարվել է 6380 սեանս: 2020 թվականի մարտի 26-ից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ 200 կին ստացել է դեղը: Նրանցից յուրաքանչյուրը դեղը ստանալու է 12 ամիս՝ 21 օրը մեկ ռեժիմով, այս մաիսն հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
|

«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
222Երեկ, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
42511.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
47611.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
39911.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
44110.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
45010.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
98910.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
51109.03.2026, 12:12
