«Այն, ինչ իրեն թույլ է տալիս «Ռեսո» ապահովագրական ընկերությունը, անցնում է թույլատրելի բոլոր սահմանները»․ Վահե Տեր-Մինասյան
275
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 12:45
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տգիտությո՞ւն, թե՞ պարզապես ատկատի անկուշտ պահանջ՝ ապահովագրական ընկերության կողմից Ես, իհարկե, հասկանում եմ, որ խառը ժամանակներում, երբ իշխանությունը չի կարողանում հստակ վերահսկողություն իրականացնել բոլոր ոլորտներում, հնարավոր է որոշ մարդիկ և ընկերություններ որոշեն օգտվել ստեղծված իրավիճակից, բայց ցավալի է, որ՝ 1. դա կարող է անգամ տեղի ունենալ առողջապահական համակարգում 2. դա կարող է արվել անթաքույց լկտիությամբ: Ինչպես և ցանկացած ակտիվ գործունեություն ծավալող վիրաբույժ, բազմիցս ունեցել եմ խնդիրներ ապահովագրական տարբեր ընկերությունների հետ։ Սովորաբար դրանք հարթվել են գործընկերային շրջանակներում։ Սակայն, այն, ինչ իրեն թույլ է տալիս «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ 1. Ապահովագրված և մեր կենտրոն դիմած հիվանդին ասվում է, որ Հայ-ամերիկյան կենտրոնում կիրառվող հիստերոսկոպիկ սարքավորումները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Պարզաբանում՝ Հայ-ամերիկյան կենտրոնն այսօր Հայաստանում միակն է, որ իր գործիքակազմում ունի՝ օֆիսային հիստերոսկոպ, վիրաբուժական հիստերոսկոպ, բիպոլյար հիստերոռեզեկտոսկոպ, հիստերոսկոպիկ շեյվեր։ 2. Հիվանդին ասվում է, որ Հայ-ամերիկյանում վիրահատվելու դեպքում ձեր հետագա հղիության հնարավորությունը կկրճատվի մոտ 50%-ով... Պարզաբանում՝ Հայ-ամերիկյան կենտրոնում կատարված մի քանի հազար հիստերոսկոպիկ վիրահատությունների արդյունքում չկա գոնե 1 դեպք, որ հիվանդի ռեպրոդուկտիվ առողջությանը հասցված լինի վնաս։ 3. Հիվանդին ասվում է, որ եթե, այնուամենայնիվ, դիմեք Հայ–ամերիկյան կենտրոն, ապա մենք չենք փոխհատուցի ձեր բուժման ծախսերը։ Ա՛յ, եթե դիմեք .... -ին (նշվել է բժշկի անուն, որն ընդամենը ժպիտ է առաջացնում մասնագիտական ոլորտում), ապա բուժման գումարը կփոխհատուցվի։ 4. Իմ զանգերին և պարզաբանումներ ստանալու պահանջին, տնօրինության հետ հեռախոսակապ հաստատելու պահանջին ի պատասխան՝ «Ռեսո» ապահովագրական ընկերության աշխատակցուհին նշել է, որ իրենք չեն պատրաստվում պարզաբանել, և առաջարկել են իրենց դիմել նամակով.... ։) Եզրակացություն՝ 1. Գործ ունենք կամ տգիտության, կամ որ նույնքան վտանգավոր է՝ հանցավոր ատկատային համակարգի հետ... 2. Եթե կարճ ժամանակում նշված գործողություններ կատարած անձիք չենթարկվեն պատասխանատվության, ապա սա կնշանակի, որ հանցավոր սխեման գործում է նշված ընկերության ամենաբարձր մակարդակով։ Հ.Գ. Այսուհետ բոլոր նման դեպքերը լուսաբանվելու են, ուստի եթե ձեր կամ ձեր հարազատի հետ տեղի են ունեցել նման դեպքեր, խնդրում եմ դիմել անձամբ ինձ։ Մենք անպայման ապրելու ենք օրենքի և բարոյականության գերակայության երկրում»: