Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այսօր ՀՀ 1 զինծառայողի կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների վիրավորելու համար. ՄԻՊ

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այսօր ՀՀ 1 զինծառայողի կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների վիրավորելու համար. ՄԻՊ
345
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 16:54

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Սոթքից Վերին Շորժա հատվածներում ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու՝ կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու համար:

Այս հետևության հիմքում են փաստերը, որ՝

1. ադրբեջանական զինված ծառայողերը ներխուժել և առանց որևէ հիմքի՝ պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայվել են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին:

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են:

3. Պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի, մարդկանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և այլն:

4. Գեղարքունիքում գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց առկայության պատճառով վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը, սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, մարդիկ հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Արցախում պատերազմից հետո խոշտանգել ու դիտավորությամբ կյանքից զրկել են՝ սպանել են քաղաքացիական բնակիչների:

5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:

6. Ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են:

7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան