Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Բնապահպանները պահանջում են «Մետալ Գոլդ» ընկերությանը տրամադրված երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն անվավեր ճանաչել

Բնապահպանները պահանջում են «Մետալ Գոլդ» ընկերությանը տրամադրված երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն անվավեր ճանաչել
477
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 20:54

«Մետալ Գոլդ» ընկերությունը սույն թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 18։00-ին, հանրային քննարկում է կազմակերպում ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի փորձնական հանույթի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Հանրային քննարկումը նախատեսված է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Եղեգնաձոր համայնքի պաշտոնական կայքում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.02.2021թ-ի հրամանով «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին 3 տարի ժամկետով տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ29/309 թույլտվությունը Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009թ-ի դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար: Այս թույլտվությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) տվել է՝ առանց ունենալու Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացությունը, քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունից ՏԿԵՆ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընկերության գործունեությունը գրասենյակային է, ուստի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէ:

Այդպիսով, առանց փորձաքննական գործընթացի և առանց հանրային քննարկումների ընկերությունը ստացել է երկրաբանական ուսումնասիրությունների ԵՀԹ29/309 թույլտվությունը, ապա դիմել է՝ ԵՀԹ29/309 թույլտվության սահմաններում կատարելու լրացում և պայմանագրում կատարելու փոփոխություն՝ եղած պարտավորություններին ավելացնել մինչև 2500մ3 փորձնական հանույթ տեխնոլոգիական փորձարկումներ կատարելու համար:

Ըստ էության, նման գործողությունները պետք է իրականացվեն բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ունենալու պայմաններում: Այդ պատճառով էլ ընկերությունը, արդեն իսկ ՏԿԵՆ-ի հետ ունենալով պայմանագիր և թույլտվություն, ցանկանում է ստանալ փորձաքննական եզրակացություն հանքավայրում արդյունահանում իրականացնելու համար:

Նշենք, որ հայտում հենց այդպես էլ գրված է. «Հանքի շահագործման ընդհանուր տևողությունը փորձնական հանույթի համար կկազմի 4-5 ամիս…Գլաձորի բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում իրականացվելու են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված հետևյալ մշտադիտարկումները… Հանքաքարի տեղափոխումը նախատեսվում է կատարել ք. Ղափան վերամշակման համար»: Ձևավորվելու է բաց հանք, ինչ մասին ևս նշված է հայտում. «Բացահանքից մնացորդային և կողերից իջնող ջրերի հեռացման համար աստիճանների ստորոտում բերմաների վրա կողի թեքության տակ ստեղծվում են կյուվետներ ջրի հեռացման համար, հետագայում ջրցանի և փոշենստեցման նպատակով օգտագործելու նպատակով»:

Հայտին կից փաստաթղթերից մեկում ՏԿԵՆ-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գրությունն է, ըստ որի Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կոորդինատներով սահմանափակված տարածքում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում հաշվառված ստորերկրյա ջրերի աղբյուրներ չկան: Իրականում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը չի բացառում ստորերկրյա աղբյուրների առկայությունը հանքի տարածքում: ՊՈԱԿ-ը ընկերության հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իր արխիվացրած հաշվետվությունների մեջ նման տվյալներ չկան: Ավելին ՊՈԱԿ-ի գործառույթների մեջ չի մտնում հաշվետվությունների տվյալների իսկության ստուգումը: Այսպիսով, այդ գրությունը չի կարող հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա աղբյուրներ չկան:

Նշենք, որ Գլաձորի հանքի շուրջ «անօրինական զարգացումների վերաբերյալ» Եղեգնաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների անունից Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որում ջրերի վերաբերյալ, մասնավորապես, նշված է. ««Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ փոխված կոորդինատների տարածքից սկիզբ է առնում Հերհեր գետը, անցնելով Կարմրաշեն և Հերհեր բնակատեղիներով, լցվում է Հերհերի ջրամբար և Արփա գետ:

Հերհեր գետից և Կարմրաշեն բնակատեղիից 2կմ հեռավորությամբ, 100 մետր խորությամբ անցնում է Արփա-Սևան թունելը: Չի բացառվում ծանր մետաղներով և թունավոր նյութերով հարստացված ջրերը ներթափանցեն Արփա-Սևան թունել, լցվեն Եղեգիսի կիրճ և Սևանա լիճ, ինչը հակասում է Սևանա լճի, նրա շրջակա միջավայրի և Սևանա լիճ թափվող ջրերի մասին ՀՀ օրենքին: …Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած ցանկացած ջրային ռեսուրսի քարտեզում գծագրված է, որ Թեք սարից սկիզբ են առնում Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր և Եղեգիսի կիրճ թափվող գետերը, լրացուցիչ ներկայացնում ենք մասնագետների այցելության 22 հունիսի 2022թ. արձանագրությունը»:

Այսպիսով, համաձայն օրենքով սահմանված կարգի, եթե «Մետալ Գոլդ» ընկերությունը ցանկանում է փորձնական հանույթ հանել Գլաձորի հանքից, ապա նախ պետք է ՏԿԵՆ-ը անվավեր ճանաչի ԵՀԹ29/309 երկրաբանական կամերալ ուսումնասիրության թույլտվությունը և համապատասխան պայմանագիրը: Այնուհետև պետք է իրականացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական գործընթաց ընկերության նախատեսվող գործունեության վերաբերյալ, որի արդյունքում ՏԿԵՆ-ը կորոշի ընկերությանը թույլտվություն տալ, թե՝ ոչ: