Շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բանակում և ոստիկանությունում հայտնվում են հազարավորներ, որոնց ստամոքսային մտածողությունն է առաջնորդում»․ Վահե Լոռենց

«Բանակում և ոստիկանությունում հայտնվում են հազարավորներ, որոնց ստամոքսային մտածողությունն է առաջնորդում»․ Վահե Լոռենց
135
Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 03:06

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Օրական մի նոր դավաճանություն է բացահայտվում, երբ հայ սպան կոպեկների դիմաց համագործակցում է թշնամու դեմ և վաճառքի հանում հող հայրենին։ Օրական հայ ոստիկանի կողմից ասկյարաբարո վարքագծի նոր դրսևորումներ են բացահայտվում։ Բա ի՞նչ եք ուզում։ Այլ բա՞ն եք ակնկալում։
Զինվորականությունը, մանավանդ՝ սպայակազմը, ցանկացած առողջ հասարակության մեջ հասարակական էլիտան է կազմում։ Իսկ Հայաստանու՞մ․․․
Ովքե՞ր են զինվորական դառնում, կամ՝ ոստիկան։ Ցավոք, քչերն են այսօր ծառայության անցնում հայրենասիրության և պատվի զգացումով։ Իսկապես, ունե՛նք լավերը․․․ բայց նրանք տեսանելի են, քանի որ հիմնական զանգվածը հեռու է հայրենասիրությունից, Պատիվ, Արժանապատվություն հասկացողությունից։ Եվ որպես կանոն՝ ծառայության են անցնում ոչ թե համոզմունքներից (հայրենիքի պաշտպանը լինելու վեհ կոչումից, կամ՝ հանրությանը հանցագործներից պաշտպանելու վեհ առաքելությունից) դրդված, այլ․․․ մի կտոր չոր հաց վաստակելու բաղձանքով։ Արդյունքում՝ բանակում և ոստիկանությունում հայտնվում են հազարավորներ, որոնց սոսկ ստամոքսային մտածողությունն է առաջնորդում և պատեհապաշտությունը։ Որոնք պատրաստ են իրենց տերերին հաճոյանալու համար քսու վարքագիծ դրսևորել։
Ես ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում երկու անգամ։ Վերջին անգամը՝ կամավոր, էլիտար ստորաբաժանման մեջ, և լավ տեղեկացված եմ ինչ է կատարվում բանակում։ Գիտեմ միջին վիճակագրական զինվորականի, սպայի թե՛ ինտելեկտուալ զարգացածության աստիճանը, թե՛ հոգեբանությունը։
Եվ ցավոք, քիչ դրական բան կարող եմ նշել․․․ Շատ դեպքերում զորամասերում ավելի վատ ու դաժան բարքեր են, քան ցանկացած քրեակատարողական հիմնարկում։ Եվ այդ ամենը՝ սպայակազմի աջակցությամբ և հովանավորչությամբ։
Բանակի մասին լավ, կամ ոչինչ, ամենատխմար կոչը, որ տասնյակ տարիներ առաջնորդեցին հասարակությանը, պակաս անհեթեթ ու ստոր կոչ չէր, քան․․․ Մի խանգարեք, թողեք աշխատեն արտահայտությունը, որ 2 տարի շարունակ հնչում էր միջին վիճակագրական ապուշի շուրթերից, երբ որևէ մեկը համարձակվում էր քննադատել այս իշխանություններին։
Բանակում հոգեորսությամբ զբաղվող տերտերն այսօր շատ ավելի է վարձատրվում, քան սահման պահող զինվորը, որի աշխատավարձը չի բավականացնում անգամ առօրյա սոցիալական խնդիրներ լուծելուն։ Իմ շատ զինվորական ընկերներ ստիպված են աշխատանքից հետո, երեկոյան տաքսի վարել, այլ զբաղմունք որոնել՝ վաստակելու համար։
Իհարկե՛, վատ սոցիալական պայմանները չեն արդարացնում հայրենիքի դավաճանությունը, ինչպես որ, ցածր աշխատավարձը չի արդարացնում դպրոցի դասատուին, որը սերունդ կրթելու տեղ սերունդ է կռտում։
Բայց նշածս հիմնարար խնդիրները լուծելու համար պետք է ոչ թե փորձել սոսկ մարդկանց փողով կապել բանակին կամ ոստիկանությանը, այլ արժեհամակարգ սերմանել այդ կարևորագույն կառույցներում։ Թե չէ․․․ այսօր ի՞նչ եք սպասում ոստիկանից (ներեցեք, ոստիկանը վեհ կոչում է․ ոչ թե ոստիկանից, այլ մենթից), որը սոսկ հանուն փողի, չունենալով բարձրագույն կրթություն, չունենալով որևէ արժեհամակարգ, կարող է որդեկորուստ մայրերին քարշ տալ, նվաստացնել և ծեծել քաղաքացուն։
Ինչ ցանել եք, այն էլ՝ հնձում եք․․․ Վայելե՛ք․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց