Շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Անիրատեսական» էր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, սակայն իրատեսական էր՝ իրենց հեռացումը». Էդգար Ղազարյան

««Անիրատեսական» էր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, սակայն իրատեսական էր՝ իրենց հեռացումը». Էդգար Ղազարյան
152
Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 00:12

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Իրատեսականն ու անիրատեսականը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս գալուց հետո՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոններից հրաժարական է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Մինչ այդ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել խմբակցության կազմից՝ ապօրինաբար զբաղեցնելով ԱԺ պատգամավորի պաշտոնը։ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարականներ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորների Դավիթ Սեդրակյանը, Արթուր Ղազինյանը, Մխիթար Զաքարյանը, Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը (թվով 8 ընդդիմադիր պատգամավորներ)։
Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու այդ նույն պայքարի ընթացքում, ԱԺ իշխող խմբակցության կողմից, պաշտոններից հեռացվել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։ Այդ նույն ժամանակաշրջանում իրենց զբաղեցրած պաշտոններից հրաժարականներ են ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը (պաշտոնազրկվել են թվով 6 ընդդիմադիր պատգամավորներ)։
Փաստացի ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և պաշտոնից հեռացնելու պահանջը դարձավ այդ հրաժարականն ու իշխանափոխությունը պահանջող ընդդիմության հրաժարականների և պաշտոնանկության պատճառ։
Ցավոք սրտի, ինձ չհաջողվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ հանդիսացող մեր գործընկերներին համազել, որ նրանք օգտվեն իրենց սահմանադրական հնարավորությունից և նախաձեռնեն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց։ Այդ գործընթացը պատգամավորները համարեցին անիրատեսական, որոշները նաև փորձեցին ծաղրել ու վարկաբեկել ինձ, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը մնաց իր պաշտոնում՝ շարունակելով ազգակործան գործունեությունը, իսկ նրանք հերթով հեռացվեցին պաշտոններից։ Արդյունքում ստացվեց, որ «անիրատեսական» էր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, սակայն իրատեսական էր՝ իրենց հեռացումը։
Իշխանության և ընդդիմության բացակայության այս բացառիկ աննախադեպ ցավալի իրավիճակի պայմաններում՝ մեզ անհրաժեշտ է ինքնակազմակերպվել, կայացնել իրավիճակից բխող որոշումներ և փորձել փրկել մեր երկիրը վերահաս պատերազմից, ամբողջական կործանման աղետից և ոչնչացումից։
Վստահ եմ, որ պատգամավորների շարքերում և այդ շարքերից դուրս կան բազմաթիվ ազնիվ հայրենանվեր գործիչներ, ովքեր, մի կողմ թողնելով բոլոր շահերն ու կողմնորոշումները, կլծվեն այդ պայքարին և մեր համատեղ ջանքերը կտան ցանկալի արդյունքներ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան