«Ով դռան տերն է, նա էլ բացում կամ փակում է այն՝ երբ ցանկանա». Վանո Դադոյան
290
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 03:12
ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեքիաթի բաց ու փակ դռների խորհուրդը Դռները մեր կյանքում շատ կարևոր դեր են կատարում, մանավանդ, երբ դրանք ամրոցի, տաճարի կամ հայրենիքի սահմանների դռներ են։ Սակայն այժմ ես կփորձեմ խոսել դրանց այլաբանական նշանակության մասին։ Նախ նշեմ, որ մարդը և հանրությունը ևս ունեն իրենց բազմաթիվ ու բազմանշանակ դռները, որոնց մասին գրեթե հոգ չեն տանում, իսկ շատերն էլ պարզապես անտեղյակ են դրանց գոյությունից: Դրա համար էլ ով ասես մտնում ու դուրս է գալիս և ինչեր ասես, որ չի տեղափոխում այդ դռներով։ Հասարակությունը երկփեղկված է՝ իշխանականներ և ընդդիմադիրներ, արդարության ջատագովներ և մեղավորներ, լավեր և վատեր և այսպես շարունակ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս դռների տարբեր կողմերում հայտնվածները նույն կերպ են մտածում և «կդատվեք» խոսույթով մեղադրում են իրար թալանի ու դավաճանության մեջ։ Իսկ ո՞րն է, գոյություն ունի՞ այն երրորդ դուռը, որ տանում է դեպի համերաշխություն, համախմբում, հայրենասիրություն և ճշմարիտ կարգի հաստատում: Որտե՞ղ է այն լույսի դուռը, որն ի զորու է փակելու համատարած տգիտության դռները, ավելի շուտ՝ հսկա դարպասը, որ դեպի լայն պողոտա է բացվում՝ չիմացության անտեղյակության և տգիտության պողոտա։ Մինչդեռ արդարության դուռը փոքրացել, դարձել է մի խեցու չափ, այն էլ՝ հեռու երկնքից կախված… Ի վերջո որտե՞ղ է մեր Կյանքի՛ դուռը, մեր մեծ Տա՛ն դուռը, ե՞րբ պիտի հասնենք ու բանանք Մհերի՛ դուռը։ Խորհելու շատ բան կա, սակայն սկսենք բոլոր անիմաստ, փակուղի տանող ու պատրանքային դռները փակելուց։ Չմոռանանք, որ մեր հայրենիքի երկու հատվածներն իրար կապող դռները փակ են, քանզի մե՛նք չենք նրա տերը, և հենց այստեղ է թաղված շան գլուխը։ Հիշեցնեմ նաև բոլորին անհատապես և հանրությանն ընդհանրապես՝ ով դռան տերն է, նա էլ բացում կամ փակում է այն՝ երբ ցանկանա։ Ուստի Տեր կանգնենք մեր եռաշերտ ռեսուրսների ու հարստության դռներին: Այդժամ ամեն ինչ կկարգավորվի, և մենք ավելի արդյունավետ ու արդար կբաշխենք մեր հարստությունը, քանի որ ինչքան էլ արդարության դուռը հեռու է այս պահին, այնուամենայնիվ, այն մեր մեջ է՝ այդքան մոտ ու հասանելի։ Լավ մտածենք ու գործենք»։